Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԵԹԵ ՀԱՅԵԼԱՅԻՆ ՀԵՏՔԱՇՈՒՄԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՀՀ-ԻՆ, ԱՊԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ԿԿՈՐՑՆԵՆՔ
Հայաստանի և Ադրբեջանի զորքերի` Սյունիքի հատվածում հայելային կերպով հետ քաշելու պարագայում Շուռնուխի, Որոտանի, Բարձրավանի մասով ունենալու ենք շատ ավելի վատ իրավիճակ: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի առնչությամբ, որ Սյունիքում պետք է զորքերը հայելային եղանակով հետ քաշվեն:
«ԱԳ նախարարը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ դա պետք է տեղի ունենա խորհրդային քարտեզների հիման վրա: Սակայն մինչև այժմ չի ներկայացվում, թե այդ քարտեզները որ ժամանակաշրջանին են վերաբերվում։ Իշխանության մեջ կան դեմքեր, որոնք ասում են` 20-ականների քարտեզի մասին է խոսքը, մյուս մասն էլ ասում է, որ 70-ականների քարտեզի մասին է խոսքը: Այդ քարտեզները բավականին տարբերվում են իրարից մեծ թվով բնակավայրերի` այս կամ այն երկրի վերահսկողության ներքո լինելու առումով»,-ասաց Աբրահամյանը:
Նրա խոսքով` հայելային հետքաշումը խնդրահարույց է, քանի որ այն պետք է լիներ հստակ նախապայման ադրբեջանական զորքերի դուրս գալու վերաբերյալ։ Պատգամնավորը նշում է, որ եթե այդ 3 կիլոմետրանոց հայելային հետքաշումը վերաբերում է նաև Հայաստանին, ապա դրա հետևանքով կորցնելու եք մեծ թվով բնակավայրեր: Խոսքն այն բնակավայրերի մասին է, որոնք այդ փուլում գտնվելու են չեզոք գոտում, բայց չի բացառվում, որ մեկ այլ փուլում գտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Մասնավորապես, խոսքը ոչ միայն Շուռնուխ, Որոտան գյուղերի մասին է, այլև Տեղ, Արավուս և մի շարք այլ բնակավայրերի. նույնը կարող ենք ունենալ, ըստ Աբրահամյանի, նաև Գեղարքունիքի հատվածում։ Ուստի, մեզ համար շահավետ գործընթաց չէ զորքերի հայելային հետքաշումը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի վերջին Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերը Սև լճի հատվածից հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով: