ՆԱՏՕ-Ն ԱՆԿԱԽ ԱԶԳԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՈՐԾԱՆԻՉ ԴԻԿՏԱՏՈՐ Է
Նախորդ 30 տարիների ընթացքում և հատկապես վերջին ժամանակահատվածում, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում տեղի են ունենում աշխարհաքաղաքական ազգակործան գործողություններ՝ հիմնականում մարդկությանը ստրկացնել և կործանել փորձող ՆԱՏՕ-ի (Ամերիկայի Միացյալ Նահանգների) ղեկավարների անմիջական հրահրմամբ: Այս մասին ասվում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:
«Անկախ ազգերին և ինքնիշխան պետություններին ստրկացնող և ոչնչացնող հավաքական արևմուտքի հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինք հանդիսացող մարդակործան ՆԱՏՕ-ն Խորհրդային պետություններից մեկի՝ Ուկրաինայի միջոցով փորձում կամ նախապատրաստվում է Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի դեմ սկսել պատերազմական գործողություններ՝ իբրև պաշտպանելով նույն հավաքական արևմուտքի կողմից ոչնչացվող Ուկրաինան:
Երեք տասնամյակ է, ինչ նշում եմ, որ հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս ու Հայաստանի համար արտաքին ռազմաքաղաքական և տնտեսական սերտ համագործակցության ճշմարիտ ու միակ ուղին Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու համագործակցությունն են։
Ուստի, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ամբողջությամբ մերժում է մեր տարածաշրջանում՝ հատկապես Հայաստանի Հանրապետությունում ՆԱՏՕ-ի գործունեությունը և կոչ է անում Հայաստանի իշխանությանը՝ Հայաստանից անհապաղ հեռացնել ՆԱՏՕ-ին, այլապես կհեռացնենք մե՛նք:
Ավելին, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանությանը՝ հրապարակավ հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի Դաշնության, և, ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում, Հայաստանի իշխանությունը պարտավոր է ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների արտաքին անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի Դաշնությանը:
Միաժամանակ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը հայտարարում է, որ, ՆԱՏՕ-ի (նույնն է, թե՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի …), կամ Ուկրաինայի, կամ երեքի համատեղ ուժերի կողմից բարեկամ Ռուսաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսելու դեպքում, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը, ջոկատի հրամանատար, 2020 թվականի արցախաադրբեջանական 44-օրյա պատերազմի ուղղակի մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Ռուսաստանի զինված ուժերի կազմում մասնակցելու է այդ պատերազմին՝ պաշտպանելով Ռուսաստանին",- ասված է Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ: