ՔԱՐԻՆ ՏԱԿ, ՈՒՐ ՄԵՆՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆՔ

…2006թ. հոկտեմբերի 4, Արցախ։ Մեքենայով իջնում ենք Շուշիից՝ ուղևորվելով Քարին տակ, ուր մեզ հրավիրել է բնակիչներից մեկը՝ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից։ Անձրև է, մթնշաղ, ցեխ, ցուրտ: Ամայի ճանապարհի ոլորուն շրջադարձերով մենք 10 րոպե անց հասնում ենք գյուղ։ Առաջին զգացողությունը. այն մի տեսակ ճերմակ է, լուսաշող ու... խորհրդավոր։

Այդպիսին էր իմ առաջին ծանոթությունը Քարին տակի՝ լեգենդար գյուղի հետ, որի հերոսական ինքնապաշտպանությունը 1992 թվականի հունվարի 26-ին դարձավ դրանից մոտ 4 ամիս անց Շուշիի ազատագրման և 1994-ի մայիսյան Հաղթանակի նախակարապետը: Այն առանձնանում է նույնիսկ ողջ Արցախի չափանիշներով, որտեղ ամեն գյուղ ունի իր սխրանքը, իր լեգենդը։ Բայց Քարին տակը առանձնահատուկ գյուղ է արդեն իսկ իր դիրքով. այն գտնվում է հենց Շուշիի տակ, Ստեփանակերտ տանող ճանապարհին և անհաղթահարելի խոչընդոտ է համարվում՝ փակելով բերդաքաղաքի ուղին։ Համարվում էր... Քանզի 2020 թվականի աշնանը պարզվեց, որ կա այնուամենայնիվ այդ խոչընդոտը հաղթահարելու ճանապարհ, և դրա անունը, եթե դատենք բազմաթիվ փաստերով ու վկայություններով, մեկն է. դավաճանություն։

Քարին տակի պաշտպանությունը հաճախ համեմատում են Մուսա լեռան պաշտպանության հետ. դա մինչև ատամները զինված թշնամու բազմաթիվ ջոկատների դեմ մի խումբ «խենթերի» կարծես թե անհույս պայքարի նույն պատմական օրինակն է։ 1991-1992թթ. ձմեռ. դա Առաջին ազատամարտի ամենածանր շրջանն էր, ոչ միայն շրջափակված, սովից ու սառնամանիքից տառապող, արկերի ու ռումբերի տակ մահացող, բայցև չհանձնվող Ստեփանակերտը։ Դա նաև վերևից՝ Շուշիից անողոքաբար հրակոծվող Քարին տակն էր, որի վրա, բացի արկերի տարափ տեղալուց, ադրբեջանցիները նաև ժայռաբեկորներ ու վառած անվադողեր էին գլորում։ Սակայն բնակիչներից ոչ մեկը չլքեց գյուղը. հակառակը, բոլորն անխտիր, ներառյալ կանայք ու դեռահասները, կանգնեցին դրա պաշտպանների շարքերում։

Հունվարի 26-ին թշնամին ամենազանգվածային հարձակումը ձեռնարկեց գյուղի վրա։ Տեղացի աշխարհազորայինների մի կերպ զինված ջոկատի դեմ նետվեցին ավելի քան 100 հատուկջոկատայիններ, 21 հոգի սպայական դասակից և տեղի 39 օմոնականներ։ Պաշտպանության բանակի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) քարինտակցիներին օգնության ուղարկեց օժանդակ ջոկատներ հարակից գյուղերից։ Գիշերային մարտը տևեց մոտ 12 ժամ և ավարտվեց ավելի քան 90 զինվոր կորցրած թշնամու լիակատար պարտությամբ ու նահանջով, ևս մի քանի տասնյակ էլ ոչնչացվեցին փախուստի ժամանակ։ Հայկական կողմից զոհվեց 22 մարտիկ, այդ թվում՝ 3 կին, որոնցից ամենաերիտասարդը 16 տարեկան էր։ Դա Նարինե Առաքելյանն էր. դիպուկահարի գնդակից զոհված կապավորը։

30 տարի է անցել պատմական դարձած այդ օրից։ Դրանցից 28-ը քարինտակցիները նշել են որպես հայրենի հողի վրա իրենց փառապանծ հաղթանակի տարեդարձ։ 2020-ի աշնանը Քարին տակը հայտնվեց թշնամու ձեռքում, ինչպեսև Շուշին, Հադրութը, ինչպեսև Արցախի տարածքի 75%-ը։ Քարին տակը պաշտպանվում էր մինչև վերջին պահը, բայց այս անգամ աշխարհազորայիններին չհաջողվեց պաշտպանել իրենց փոքր Հայրենիքը։ Ինչպե՞ս է հանձնվել Քարին տակը։ Այս հարցը հնչում է Արցախյան երրորդ պատերազմի մյուս բոլոր ճակատագրական իրադարձություններին վերաբերող բազմաթիվ, բայց արդեն մեկուկես տարի շարունակ անպատասխան մնացած հարցերի շարքում։

«ԳԱ»-ն ավելի վաղ արդեն ներկայացրել է գյուղի պաշտպանության ականատեսի և մասնակցի վկայությունը, որը հրապարակվել է 2020թ. նոյեմբերի 12-ին «Կավկազսկի ուզել» կայքում (https://www.kavkaz-uzel.eu/blogs/83785/posts/45882)՝ «Վաճառված դրախտ. Քարին տակի պաշտպանությունը» վերնագրով։ Համառոտ մեջբերենք այն կրկին. այդպիսի փաստերը չպետք է մոռացվեն, քանի որ հենց այդ վկայությունների մեջ է թաքնված հայկական Արցախի հետ տեղի ունեցած ողբերգության գաղտնիքի բանալին։ Եվ այդ մասին պետք է մշտապես հիշեցնել աղետի մեղավորներին՝ Հայաստանի և Արցախի իշխանություններին։

«Երբ եկանք գյուղ, մարդկանց տրամադրությունը լավ չէր, այդ օրը զոհվել էր գյուղխորհրդի նախագահ Մխիթարը (խոսքը Մխիթար Առուշանյանի մասին է, որի հայրը՝ պատմության ուսուցիչ Վաղարշակ Առուշանյանը, Քարին տակի ինքնապաշտպանության ղեկավարն էր 1992-ին և զոհվել է այն ժամանակ-Մ.Գ.) և մի հայր ու որդի։ Երեքով ընկել էին գնդակոծության տակ… Մարդիկ խրամատներ էին փորում հենց գյուղի առջև. պաշտպանության վերջին գիծ։ Ոչ մի ռազմական տեխնիկա ես չտեսա։ Առջևում՝ գյուղից մոտ հինգ կիլոմետր հեռվում, մեր բանակը պաշտպանական դիրքեր էր զբաղեցրել բլուրների վրա, բայց գյուղացիները հասկանում էին, որ թշնամին կշրջանցի նրանց և դուրս կգա ուղիղ գյուղ։

Դա բանակ էլ չէիր անվանի. իրականում այնտեղ կանգնած էին 18-ամյա տղաներ, որոնք հասցրել էին ծառայել ընդամենը երեք ամիս։ Նրանց կողքին կանգնած էին Հայաստանից եկած տարեց վետերան-կամավորականները։ Մյուս բլրի վրա տեղակայված էր հատուկ նշանակության ջոկատը Երևանից։ Հրետակոծումից հետո թշնամին հարձակվեց երիտասարդ տղաների և վետերանների վրա, բայց նրանք չընկրկեցին, պատասխան կրակ բացեցին ու հետ շպրտեցին թշնամուն: Հատուկ նշանակության ջոկատը, որի վրա նույնիսկ չէին հարձակվել, թողեց իր դիրքերն ու իջավ գյուղ, առանց գեթ մեկ կրակոցի ճանապարհ բացելով ադրբեջանցիների առջև։ Մեր տղաներից երեքը գնացին նրանց մոտ, բացատրելու, որ պետք է վերադառնան իրենց դիրքեր։ Մենք բոլորս այն ժամանակ համարեցինք, թե նրանք վախեցել են, բայց հետագա իրադարձությունները հուշում են, որ նրանց հրամայել էին նահանջել՝ բացելով ճակատը։

Մեր տղաները չհասցրեցին նորմալ խոսել նրանց հետ. երբ բոլորը հավաքված էին մեկտեղ, կողքին արկ պայթեց։ Ընկերներիցս մեկը վիրավորվեց որովայնից ու ոտքերից։ Հատուկջոկատայինների մեծամասնությունը նույնպես վիրավորվեց։

Ադրբեջանցիները, ավելի ճիշտ՝ նրանց փոխարեն կռվողները, իսկապես գիշերը շրջանցեցին մեր առաջապահ դիրքերն ու հարվածեցին գյուղին, բայց, ավտոմատներով ու մեկ գնդացրով զինված գյուղացիները կարողացան հետ շպրտել նրանց։ Գյուղը դիմացավ և՛ հրետակոծություններին, և՛ առճակատ գրոհներին, բայց նույն օրը բոլորին հրամայեցին հեռանալ գյուղից։ Մենք վերստուգեցինք հրամանը և համոզվելով, որ դա տրվել է հրամանատարության կողմից, հեռացանք գյուղից։ Մի քանի ժամ անց վերադարձանք Քարին տակ։ Հաջորդ օրը սկսվեց գյուղի ծանրագույն հրետակոծումը թնդանոթներից, ականանետներից և ավելի ծանր ինչ-որ զենքից։ Մեր կողմից ծուլորեն աշխատում էր մեկ ականանետ, այն էլ երևում էր, թե ինչպես է խնայում արկերը։ Մեզ օգնության ելավ նաև մեկ ԲՄՊ, հասցրեց մի կրակահերթ տալ գնդացրից ու տեղնուտեղը խփվեց...

Նման պայմաններում մենք դիմացանք ևս երկու օր, ընդհանուր առմամբ պաշտպանեցինք մեկ շաբաթ, բայց հասկանալի էր, որ միայն ինքնապաշտպանության ուժերով գյուղը չենք պահի, իսկ բանակն այդպես էլ չմիացավ։ Առավոտյան, երբ թշնամին զբաղեցրել էր հարակից բոլոր բլուրները, մենք հեռացանք Քարին տակից... Հաջորդ օրը մեր բանակը սկսեց ռմբակոծել գյուղի շրջակայքը. մինչ այդ՝ ոչ մի արկ, իսկ այդ ժամանակ կրակ բացեցին ողջ թափով, օր ու գիշեր կրակում էին ունեցած ամեն զենքով։ Արծրունը հեռուստատեսությամբ կայտառ զեկուցեց Քարին տակի հերոսական պաշտպանության մասին, բայց մենք հո գիտեինք, որ գյուղում մերոնցից ոչ ոք արդեն չկաԱյդպես բացվեց ճանապարհը դեպի Շուշի, և այնտեղ տեղի ունեցավ նույն սցենարը. մի քանի դասակ՝ հակառակորդի հատուկ ջոկատայինների դեմ ..»։

Ահա այսպիսի վկայություն, որն առ այսօր ոչ ոք չի հերքել, ինչպես որ չեն հերքվել հայկական տարածքների հանձնման մասին ականատեսների պատմածներից և ոչ մեկը։ Մինչ օրս չի ձևավորվել 44-օրյա պատերազմի իրադարձությունների հետաքննության հանձնաժողով. դրա մասին արդեն ընդհանրապես չեն էլ խոսում։ Գուցե այն պատճառով, որ նույնիսկ լիակատար վերահսկողության դեպքում իշխանություններին պարզապես չի՞ հաջողվի ժողովրդից թաքցնել դավաճանության սարսափելի փաստերը։ Փաշինյանն ու իր թիմը ամեն կերպ ձգտում են մոռացության մատնել կատարվածը, չցանկանալով հասկանալ, որ անհնար է ստիպել մոռանալ նման մասշտաբի ազգային ողբերգությունները, ինչպես որ անհնար է մշտապես թաքցնել ճշմարտությունը Հայրենիքի կորստի պատճառների մասին։

Քարին տակը մեր ժողովրդի պատմության անքակտելի, կենդանի և հավերժական մասն է։ Հերոսապատում, որն ապրելու է առհավետ, որպես հիշեցում ճշմարիտ հայկական ոգու, տոկունության, արիության և հայրենի հողին նվիրվածության մասին: Իսկ 2020-ի աշնանից ի վեր՝ նաև որպես և՛ Քարին տակի, և՛ Շուշիի ու ողջ Արցախի ազատագրման հրամայական։

... Քարին տակում կա գյուղական փոքրիկ բազիլիկ եկեղեցի, որտեղ կարելի է զգալ հայոց պատմության շունչը՝ որպես հավերժության կանչ. այն, ինչը ոչնչացնել տրված չէ ոչ մի քոչվորի և ոչ մի բարբարոսի։ Եվ ոչ մի դավաճանի։