Չավուշօղլու․ Հնարավոր է` Փաշինյանը գա Անթալիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին կմասնակցեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Անադոլուն»։

«Նախօրեին հայտնի դարձավ, որ հնարավոր է` Անթալիա գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,–ավելացրել է Չավուշօղլուն։

Թուրք նախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը` ասելով, որ այդ ուղղությամբ հետագա քայլերը կորոշեն 2 երկրի հատուկ ներկայացուցիչները:

Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ մարտի 11-13-ն անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական 2-րդ ֆորումը, որին մասնակցելու հրավեր են ուղարկել բազմաթիվ երկրներ, հրավիրվածների ցանկում են նաև Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։

Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։