ՌԴ ԱԳՆ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կկանխի սահմանային միջադեպերի առաջացումը

Ռուսաստանը շարունակում է սերտորեն աշխատել գործընկերների հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը կյանքի կորելու նպատակով, որն այդ թվում նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի ստեղծում է նախատեսում՝ Մոսկվայի խորհրդատվական աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

«Վստահ ենք, որ հանձնաժողովի ձևավորումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստեն սահմանային միջադեպերի կանխարգելմանը և, ընդհանուր առմամբ, կարևոր ներդրում կունենան Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Մենք նախատեսում ենք պրոֆիլային կապեր հաստատել, արդյունքների մասին լրատվամիջոցները պատշաճ կերպով կտեղեկացվեն»,- ասել է Զայցևը, տեղեկացնում է News.am։