ՔՊ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՕԳՆԵԼ ԻՐԵՆ ՎԱՐԻ ՏԱԼ ԵՐԿԻՐԸ

Կկառուցե՞ն արդյոք Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան

ՀՌՀ-ի անդամի պաշտոնում ընդդիմության առաջադրած Ռուբեն Հակոբյանի թեկնածության քննարկումն ավարտվեց խայտառակ սկանդալով։ Իշխող խմբակցության պատգամավորները գզվռտոց սարքեցին գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի և երիտասարդության հարցերով հանձնաժողովում, չցուցաբերելով բարեկրթության ու քաղաքավարության չնչին իսկ նշույլ: Այս ԱԺ-ում հայհոյանքներն ու վիրավորանքները դարձել են «քաղաքական» խոսքի անքակտելի մասը։ Ոչ թե պատգամավորներ են, այլ իսկը հարբած կառապաններ, ազնիվ խոսք…

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ ՔՊ-ի ներկայացուցիչների ելույթներում (երբ նրանք չեն հայհոյում, չեն վիրավորում, չեն հիշատակում «նախկիններին») կարմիր թելի պես անցնում են ընդդիմադիրներին ուղղված կոչերը՝ միավորվելու իշխանության շուրջ, իբր՝ նրան օգնելու համար։ Գրեթե բոլոր ճակատներում ցուցաբերվող սանձարձակ կամայականության մեջ այդ ի՞նչ օգնություն է պետք նրանց՝ «մեր դեմ խաղ չկա» ՀՀՇ-ական սկզբունքով առաջնորդվողներին, վերջնականապես կապը կտրածներին ու ափը կորցրածներին։

Չցանկացան պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրել ընդդիմադիր երկու խմբակցությունների առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանին։ Կես տարի շարունակ «չընտրություն» խաղացին։ Ձանձրացան։ Ինչ-որ փոփոխություններ հորինեցին ԱԺ կանոնակարգում, որպեսզի իրենցով անեն նաև այդ պաշտոնը. դե, կամ էլ ստիպեն ընդդիմությանը շարժվել իշխանության թելադրանքով ու այլ թեկնածու առաջադրել։

Այ, իրենք առաջադրեցին և անցած շաբաթ ընտրեցին ՀՌՀ երկու անդամների։ Իսկ ընդդիմության առաջադրած թեկնածուի շուրջ իսկական խեղկատակություն սարքեցիին, հայտարարելով, թե ընդդիմությունը պետք է կին թեկնածու առաջադրի։ Իբր, ըստ օրենքի՝ հանձնաժողովի անդամներից մեկը պետք է կին լինի։ Թե ինչու իշխող ուժն ինքը չկատարեց օրենքի այդ պահանջը իր երկու թեկնածուներին առաջադրելիս, անիմաստ հարց է այս իշխանության պարագայում։

Երկու դրվագ, որոնք առավել քան ակնառու ցույց են տալիս խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցելու իշխանության իրական ձգտումը։ Վերջին օրերի ամենաանմեղ երկու դրվագ՝ այս դժվարին շրջանում իրեն օգնելու և համագործակցելու համար ընդդիմադիրներին իշխանության իբր մեկնած ձեռքի և իր շուրջ համախմբվելու կոչերի խորապատկերին։ Կրկնենք հարցը. ինչո՞ւմ օգնելու իշխանությանը։

Արցախն ամբողջությամբ հանձնելու գործո՞ւմ։ Իսկ հիմա էլ նաև Սյունի՞քը։ Կամ, գուցե, զորքերի այսպես կոչված հայելային հետքաշմա՞ն, ինչը սպառնում է մի ակնթարթում սահմանամերձ դարձած հայկական գյուղերի նկատմամբ վերահսկողության կորստով։ Իսկ գուցե օգնելու հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումի՞ց, ինչը, ըստ Փաշինյանի, Սփյուռքի գործառույթն է։ Կամ մայր հայրենիքից Սփյուռքի իսպառ տարանջատմա՞ն, որն առանց այդ էլ սկսել է անտարբերություն դրսևորել հայրենիքի նկատմամբ՝ այս իշխանության ջանքերով։ Գուցե՝ Հայաստանի վիլայեթացմա՞ն։ Հասարակությանը համոզելու մի ողջ ծրագրի իրականացմա՞ն, թե թուրքն արդեն առաջվանը չէ, այլ ամենաիսկական «կիրթ ու կառուցողական» է, հիմա էլ նաև «խաղաղասեր»։

«Կիրթ ու կառուցողական» լինելն ամենեվին չխանգարեց թուրքին սանձազերծել 44-օրյա արյունալի սպանդը, տեսախցիկի առջև կտրել հայերի կոկորդը, այդ թվում՝ ծերունիների, կտրել նրանց գլուխն ու մարմնի այլ մասերը, ծանակել արդեն անշունչ մարմինները, գերեվարված զինծառայողներին ու խաղաղ բնակիչներին, և քաջարի կեցվածք ընդունել տեսախցիկի առջև։ «Կիրթ և կառուցողական» լինելն ամենևին չի նպաստում այլատյացության նվազմանը հարևան թշնամական պետությունում, որտեղ հայերի նկատմամբ ատելությունը պետական քաղաքականության էությունն է։ Որտեղ երեխաներին մանկապարտեզից սովորեցնում են ատել հայերին, իսկ հետո այդ գործը շարունակում է հանրակրթական համակարգը, որտեղ ոչ միայն պատմության, այլև, օրինակ, անգլերեն լեզվի դպրոցական դասագրքերը սովորեցնում են ատել հայերին։ Եվ որտեղ, դատելով ամենից, մտադիր չեն դադարեցնել այդ ամենը, փոխել իրենց հայատյաց քաղաքականությունը…

Ախր ինչո՞ւմ օգնել իշխանությանը։ Օգնել Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության վերջին 30 տարիների հռետորաբանության միջև անթույլատրելի զուգահեռներ անցկացնելու և մեր հասարակությանը նման ընկալում ներշնչելու իր փորձերո՞ւմ: Համաձայնեք, դժվար թե Փաշինյանը չի հասկանում տարբերությունը «հուզական» ելույթի և Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության արմատավորման պետական մակարդակով անցկացվող քաղաքականության, ատելության բացահայտ քարոզչության և հայկական մշակույթի նշաններ բովանդակող ամենի ոչնչացման նպատակադրույթի միջև։ Պետք է բացարձակ տկարամիտ լինել դա չհասկանայու համար։ Մինչդեռ, միանշանակորեն, ռիսկերի սխալ գնահատումը սպառնում է այդ ուղղությամբ իշխանության անգործությամբ, դա վկայությունն է այն բանի, որ Փաշինյանի թիմն անկարող է քայլեր ձեռնարկել այդ ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ։

Մոտ ժամանակներս նախատեսվում է հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման հարցերով հատուկ պատվիրակների երկրորդ հանդիպումը. գործընթաց, որը թուրքական կողմը, ինչպես բազմիցս հայտարարել է, մտադիր է սերտորեն համակարգել Ադրբեջանի հետ, մինչդեռ մեր հասարակությունն ու քաղաքական ուժերն այդպես էլ չստացան այդ բանակցություններին վերաբերող նույնիսկ նվազագույն տեղեկատվություն: Մեզ համար միակ աղբյուրն այսօր օտարերկրյա, մասնավորապես՝ թուրքական լրատվամիջոցներն են։ Փոխարենը՝ Փաշինյանն ու իր գործընկերները, այդ թվում՝ հատուկ պատվիրակ Ռուբինյանը, ակտիվորեն տարածում ու հանրության գիտակցության մեջ ներդնում են այն միտքը, թե իբր՝ անկախ Հայաստանի ոչ մի իշխանություն երբեք կասկածի տակ չի առել Թուրքիայի ներկայիս սահմանները։ Իբր՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը երբեք, ոչ մի իշխանության օրոք չի եղել հայկական կողմի առաջ քաշած նախապայման Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։

Մանիպուլյացիաների լիառատությունը, ի վերջո, նույնպես պետք է չափ ու սահման ունենա. Հայաստանը վերջին 24 տարիներին երբեք չի նահանջել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, իսկ այ Թուրքիան մշտապես ու տարբեր եղանակներով (օրինակ, պատմաբանների հանձնաժողովի ստեղծում՝ այդ հարցն ուսումնասիրելու համար, ինչպես 2009-ին) և այսօր էլ շատ ավելի կոշտ ձևով, առաջ է քաշում այդ հարցը որպես նախապայման։ Ակնհայտ է, որ Փաշինյանը միտումնավոր մոռացության է մատնում նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր երկրի ընդունած Համահայկական հռչակագիրն ու դրան հաջորդած ԱԺ Հայտարարությունը, որը հաստատում է Համահայկական հռչակագրում բովանդակվող մոտեցումների կարևորությունը։ Իսկ երբ ընդդիմության պատգամավորները խնդրում են Փաշինյանին ԱԺ ամբիոնից հայտարարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման Հայաստանի պահանջի մասին, նա խորհուրդ է տալիս աչքի անցկացնել իր կառավարության ծրագիրը, իբր՝ այնտեղ ամեն ինչ գրված է։

Մինչդեռ Հայաստանի կառավարության նոր ծրագրում, ինչպես նշվում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական խորհրդի հայտարարության մեջ, ասվում է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարության ծրագրում ներկայացված չէ որպես գործընթաց, այսինքն այդ գործընթացը բացառվել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից։

Ավելին, այդ ծրագրում ասվում է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության ուժգնացմանը, այլ դրա լիցքաթափմանը։ Պե՞տք է արդյոք հասկանալ դա որպես մոռացում՝ ի նպաստ Թուրքիայի հետ լարվածության «լիցքաթափման», որպեսզի վերջինս, Աստված մի արասցե, չզայրանա։ Մինչդեռ Թուրքիան, որի երախն է մեզ տանում փաշինյանական իշխանությունը, ոչ միայն չի ապաշխարել, ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունն ու իր երկրում քրեական պատժի ենթարկում նրանց, ովքեր համարձակվում են հակառակն ասել, հետևաբար՝ չի բացառում կատարված ոճրագործության կրկնության հնարավորությունը (ինչը, ըստ էության, ցույց տվեց 44-օրյա պատերազմը), այլև տարբեր տրամաչափի իր պաշտոնյաների շուրթերով պահանջում է ապամոնտաժել Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը, որը «նսեմացնում է թուրքերի ազգային արժանապատվությունը»։ Դրանո՞ւմ է իշխանությունը կոչ անում ընդդիմությանը օգնել իրեն, կամ էլ գուցե Հայաստանի «աջարականացման» հարցո՞ւմ, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմը կուլ տա մեր երկիրը նաև տնտեսապես։ Դե ինչ, առաջին քայլերն այդ ուղղությամբ արդեն արված են և, դատելով ամենից, լրացուցիչ օգնության կարիք իշխանությունը չունի. չվերթները գործարկվել են, թուրքական ապրանքների ներկրման արգելքը չեղարկված է, իսկ եթե հավատանք թուրքական մամուլին, երեք-չորս ամիս հետո կգործեն նաև ավտոմոբիլային ճանապարհները…