Զասը Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին անհապաղ հրադադար հաստատելու կոչ է արել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը տաջիկական և ղրղըզական կողմերին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին։

Տաջիկստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլլո Մահմուդզոդայի և Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովի հետ հեռախոսազրույցների ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը սահմանին կողմերի միջև անհապաղ հրադադար հաստատելու կոչ է արել։

«Լուրջ մտահոգություն են առաջացնում սահմանին վերսկսված ռազմական բախումները, որոնց հետևանքով վիրավորներ կան։ Տաջիկա-ղրղըզական սահմանին զինված դիմակայությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Հակամարտությունը պետք է լուծել բացառապես բանակցային սեղանի շուրջ՝ խաղաղ ճանապարհով։ Դրա համար ՀԱՊԿ-ը պատրաստ է Ղրղըզստանին ու Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել հակամարտության կարգավորման հարցում։ Վստահ եմ, որ ՀԱՊԿ անդամ երկու երկրների ղեկավարությունը փոխադարձ ընդունելի ուղիներ կգտնի, որպեսզի կարգավորի սահմանային այս բարդ խնդիրը»,- ասել է Զասը, տեղեկացնում է News.am։