Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ. ՉՆԱՅԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ԲԱՔՈՒՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՄԵԾ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ
Թեհրանի և Բաքվի միջև դիվանագիտական մակարդակի հասած լուրջ սրացումից հետո այժմ, թերևս՝ դիվանագիտական մակարդակով, այն նորմատիվ դաշտ տեղափոխելու փորձեր են նկատվում։ Թեհրանը չի կարող ամբողջությամբ անտեսել իրանական Ադրբեջանում հարաբերությունների սրման հետ կապված տրամադրություններն ու ապրումները։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս փորձագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը։
«Մյուս կողմից, Թուրքիայի և Իսրայելի հետ Ադրբեջանի որակական մերձեցումը բավական լուրջ լարվածություն է առաջացնում Իրանում։ Բաքվի վերնախավն էլ իր հերթին հասկանում է, որ թուրքական գրկում խեղդամահ լինելը գեղեցիկ մահ է, բայց, այնուամենայնիվ՝ անցանկալի։ Իրանցի պաշտոնյաների հետ շփումների ակտիվացումը կապված է Բաքվի՝ իր ինքնիշխանությունը, մասամբ անկախությունը ցույց տալու ցանկության հետ։ Առայժմ դա տեղի է ունենում դիվանագիտական մակարդակում՝ միմյանց նկատմամբ հսկայական անվստահությամբ, ընդհանուր մշակույթի, ընդհանուր շիական դավանանքի մասին բոլոր հայտարարություններով և այլն։ Ներկայիս շփումները կապված են հեռանկարում միմյանց ճանաչելու փորձի հետ»,- ասաց նա։
Իրանի ղեկավարությունը, ըստ փորձագետի, անհանգստությամբ է հետևում Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի հզորացման հեռանկարին՝ որպես տարածաշրջանում ՆԱՏՕ-ի առաջատար գործակալներից մեկը, ինչպես նաև մի շարք հարցերում Իսրայելի գործընկեր:
«Ուստի Թեհրանը ցանկացած ճանապարհ կփնտրի Անդրկովկասում թուրքական ազդեցության հեռանկարը նվազագույնի հասցնելու համար։ Ինչ ճանապարհներով այն կանի դա, ինչ միջոցներով, ինչ օպերատիվ ձև և մարտավարություն կկիրառի՝ այս ամենը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել և քողարկել շատ տարբեր հռետորաբանություններով»,- ընդգծեց Գևորգյանը։