Հայաստանը նշում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը

Հայաստանը այսօր՝ հունվարի 28-ին, նշում է հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը:

Հայաստանի ԶՈՒ ստեղծման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը:

Հայկական բանակի կայացման առաջին փուլը 1988-1992 թվականներն էին, երբ ղարաբաղյան շարժման աշխուժացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման պայմաններում արդիական դարձավ Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցը:

Այդ դժվարին առաքելությունը ստանձնեցին առաջին կամավորական ջոկատները, սակայն ակնհայտ էր, որ սահմանների պահպանության և բնակչության անվտանգության ապահովման հարցերը պետական մոտեցում են պահանջում:

Հայոց բանակի կազմավորման գործընթացն ընթանում էր ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող մարտական գործողություններին, սահմանների ամրապնդմանն ու ազգային կադրերի պատրաստմանը զուգընթաց:

ԶՈւ կազմավորման 30-ամյակի կապակցությամբ այսօր ընդունելություն էր կազմակերպված «Դվին» հյուրանոցում, սակայն այն հետաձգվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: