Բանակը մեզ տվել է ոգի. Վիտալի Բալասանյանը սահմանների անառիկություն է մաղթում

Թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով՝ բանակը մեզ տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն։ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հատկապես Արցախի պարագայում հայրենիքը պաշտպանելու կոչին զինվորագրվել ենք ազգովի՝ միասնաբար պայքարելով սեփական երկրում ազատ ապրելու անխախտելի իրավունքի իրացման համար։ Հայրենյաց պաշտպանների շարքում առանձնահատուկ է բանակը, որն ունի փառապանծ մարտական ուղի»,- ասում է Բալասանյանը։

Նրա խոսքով՝ հայրենիքի համար մղված պայքարի ընթացքում, ցավոք, ունեցել ենք բազմահազար նահատակներ, առանձնահատուկ երախտագիտությամբ պետք է հիշենք հերոսածին մեր մայրերին, նրանց անսահման համբերությունն ու նվիրումը։

Բալասանյանը նշում է, որ հատկապես այսօր մեր գնահատանքը պետք է հայտնենք նրանց, ովքեր իրականացնում են հայրենիքի պաշտպանության առաքելությունը։ Նա հայոց երկրի սահմանների անառիկ պահպանություն է մաղթում բոլորիս, տեղեկացնում է Sputnik Արմենիա։