Դմիտրի Մեդվեդև. Ղազախստանում փորձ է արվել կյանքի կոչել գունավոր հեղափոխության ստանդարտ սցենարը

Ղազախստանում փորձ է արվել կյանքի կոչել գունավոր հեղափոխության ստանդարտ սցենարը, որը կիրառվել է Ուկրաինայում, և դա չի կարող չմտահոգել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ակնհայտ է, որ Ղազախստանում փորձ է արվել կյանքի կոչել գունավոր հեղափոխության այնպիսի ստանդարտ սցենար, որը կիրառվել է այլ երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում և այլ վայրերում։ Եվ դա, իհարկե, չի կարող չմտահոգել»,- ասել է Մեդվեդևը։

«Հասկանալի է, որ սա կրկնօրինակում է, և այս ամենը նախապատրաստվել է, այդ թվում՝ արտաքին խաղացողների կողմից, որոնք հետևել և սպասել են, որ, այսպես ասած, իշխանությունն իրենց ոտքերի տակ կհայտնվի»,- հավելել է Մեդվեդևը։

Մեդվեդևը նշել է, որ Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը միանգամայն ճշգրիտ գնահատական ​​է տվել երկրում տեղի ունեցող իրադարձություններին. իրականում դա ահաբեկիչների կողմից իշխանությունը զավթելու փորձ էր։

Նա ընդգծել է, որ կատարվածի գնահատականը պետք է տան Ղազախստանի իշխանությունները, քանի որ այն ինքնիշխան երկիր է։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում նման իրադարձությունների նախադրյալներ չկան, ռուսաստանցիների մեծ մասը կիսում է նախագահի քաղաքական կուրսը, Ռուսաստանի Դաշնությունը արդյունավետ պետություն է, որն ունակ է պատասխանել ահաբեկչական գործունեության ցանկացած դրսևորման, տեղեկացնում է News.am։