Թաթոյանը շնորհավորել է Հայոց բանակի 30-ամյակը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում շնորհավորել է Հայոց բանակի 30-ամյակը։

«Մեր բանակը մեր անկախության և բոլորիս անվտանգության, ամուր պետականության գլխավոր երաշխիքներից է, յուրաքանչյուրիս հպարտությունը: Իսկ բանակի ամրության գլխավոր երաշխիքներից է Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքները: Բանակում պետք է լինի ամուր կարգապահություն, որ հիմնված է իրավունքի գերակայության վրա: Մեր զինուժը պետք է լինի ժողովրդավարական այնպիսի վերահսկողության ներքո, որտեղ այս երկու բաղադրիչներն իրար լրացնում են»,– գրել է նա:

Թաթոյանի խոսքով` պետք է մշտապես բարձր պահել հասարակությունում սպայի և զինվորական ծառայության նկատմամբ պատիվն ու հարգանքը, այնպես անել, որ բարձր լինի բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը:

Ըստ ՄԻՊ–ի` անհրաժեշտ է զարգացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում` նրանց պաշտպանված իրավունքներով: Պետք է հատուկ ուշադրության ներքո լինեն զինծառայողների ընտանիքները: Անհրաժեշտ է պաշտպանված պահել հաշմանդամություն ստացած, ինչպես նաև կենսաթոշակի անցած զինծառայողների իրավունքները. չպետք է թույլ տալ նրանց որևէ տեսակի մեկուսացում:

«Պետք է ամեն գնով վերադարձնենք միջազգային բոլոր կանոնների բացահայտ խախտմամբ գերության մեջ պահվող մեր զինծառայողներին, նրանց վերինտեգրենք մեր հասարակություն ու այնպես անենք, որ նման որևէ դեպք տեղի չունենա հետագայում»,– ընդգծել է Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին, որն իրականացնում է անընդհատ այցեր, բողոքների քննություն, ինչպես նաև օրենսդրության կատարելագործմանն ու իրենց իրավունքների վերաբերյալ զինծառայողների իրազեկման բարձրացման աշխատանքներ։

Պաշտպանության նախարարության հետ ամենօրյա համագործակցության նպատակն է համատեղ ջանքերով հասնել բանակում իրավունքի գերակայության ամրապնդմանը և զինծառայողների իրավունքների երաշխավորված պաշտպանությանը։

«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս նվիրական տոնի` Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ։ Անձամբ իմ և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ողջ անձնակազմի անունից գլուխ եմ խոնարհում մեզ ու մեր հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար ընկած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի, նրանց հերոս ընտանիքների առաջ»,– եզրափակել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Նա զինվորականներին բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ է մաղթել հանուն մեր հզոր Հայաստանի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: