Համլետ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅԺՄ ՈՒՐԻՇ ՏԱԿՏԻԿԱ Է ԸՆՏՐԵԼ
«Մենք, ինչպես եղել է նախկինում, այսօր էլ թերագնահատում ենք մեր թշնամու կարողությունները։ Ադրբեջանը շատ նուրբ քաղաքականություն է վարում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։
Նա նշեց, որ 2020 թ. պատերազմի ընթացքում և անմիջապես հետո համացանցը լի էր Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ծաղրի, ավերման, ոչնչացման նյութերով ու լուսանկարներով, հիմա, կարծեք թե, ներքին կարգով որոշել են նման բաներ չհրապարակել, կարծեք թե, գոնե այս փուլում այդ ժառանգության վերանվանմամբ, պատմական իրողությունների փոփոխությամբ են զբաղված։
«Նման իրավիճակում, երբ Արցախի ժառանգության հարցը բավականին ուշադրության կենտրոնում է նաև միջազգային կազմակերպությունների կողմից, ուրիշ տակտիկա է ընտրել Ադրբեջանը՝ ցույց տալ, որ այդ ժառանգությունն ինքը պահպանում է և այդ ժառանգությունը հայկական չէ։ Սա շատ հաջողությամբ իրագործում է»,- ասաց հնագետը։
Հ.Պետրոսյանը նշեց, որ փորձում են հասկանալ, թե ինչու էին ադրբեջանցիները սկզբում այդքան ակտիվ, հիմա նման նյութերը համարյա բացակայում են. «Պետք է հասկանալ, թե թշնամին ինչ քաղաքականություն է վարում, այլ ոչ թե մերկապարանոց անընդհատ ասել՝ իրենք միայն ոչնչացնում են։ Ոչնչացնում են այն տեղերում, որոնք հնարավոր է ոչ ոք չնկատի, իսկ հայտնի հուշարձաններում ուրիշ քաղաքականություն են վարում՝ դա հայկական չէ, հայկականությունը հետո է, հայերն իրենք են այդ ներդրումները կատարել, ինչ-որ վերականգնել են, սխալ են վերականգնել»։
Նրա ներկայացմամբ, ամենավառ օրինակը ուդիների պտտեցնելն է Արցախի զանազան մշակութային օջախներում։ Համլետ Պետրոսյանի պնդմամբ, ուդիները բացարձակապես որևէ առնչություն չեն ունեցել Արցախի ժառանգության հետ։
«Անկախ նրանց, թե Արցախի ժառանգությունն ինչպես կմեկնաբանվի, ուդիները բուն Արցախի ժառանգության հետ որևէ առնչություն չեն ունեցել»,- ասաց Համլետ Պետրոսյանը։
Նա նշեց, որ Արցախն ունի շատ հարուստ մշակութային ժառանգություն, որի պահպանությունը, պաշտպանությունը, հանրահռչակումը մասնագետների, պետական քաղաքականության պարտականությունն է։ Սակայն նա իրատեսական չի համարում այսօրվա գոյություն ունեցող պայմաններում Արցախի Հանրապետությունում զբոսաշրջություն զարգացնելը։
«Եթե մենք այս վիճակում ենք, եթե ամեն օր ինչ որ մի տեղ կրակում են, եթե ամեն տեղ ճանապարհին մի դեպք է տեղի ունեմ, ի՞նչ է նշանակում զարգացնել զբոսաշրջությունը նման վտանգային միջավայրում։ Տուրիստը հայրենասիրական ջոկատ չէ։ Տուրիստը գնում է հաճույք ստանալու։ Ո՞նց եք պատկերացնում, պետք է գնա, հաճույք ստանա՞, երբ վտանգ է սպառնում իրեն։ Սովորական քաղաքացիներն են դժվարանում գնալ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է գնահատել իրական իրավիճակը։
Համլետ Պետրոսյանն ընդգծեց, որ եթե կա ազգային ներուժ, պետական քաղաքականություն, առաջին հերթին պետք է ուղղված լինի անվտանգային միջավայրի վերականգնմանը։
«Առանց անվտանգային միջավայրի վերականգնման, բոլոր կոչերը ձևական են, ծայրահեղական են կամ էլ վնասակար են»,- ասաց հնագետը։
Նա դժվարացավ պատասխանել՝ օրերս իրանագետ Վարդան Ոսկանյանի կողմից առաջ քաշած «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» կարգախոսի՝ մշակութային դաշտում իրագործման վերաբերյալ հարցին.
«Մի քիչ դժվարանում եմ հասկանալ այդ կոչը, ի՞նչ է նշանակում Արցախը հետ բերենք։ Դա նշանակում է՝ ետ բերել քաղաքակա՞ն, ռազմակա՞ն առումով, նորից ազատագրե՞լ։ Այսօր Արցախի վիճակը բացառապես ավելի քաղաքական, ռազմական է, քան զուտ մշակութային։ Ունենք մշակութային շատ հզոր ժառանգություն, հետևում ենք, բայց հազիվ թե հետ բերումը նշանակում է վիրտուալ հետ բերում։
Բոլոր դեպքերում խնդիրն այսօր ավելի անվտանգային է, տարածքային է, քան վիրտուալ»։