Մովսես ՀԱԿՈԲՅԱՆ․ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՌԱԽԻՏՈՎ ՀԻՎԱՆԴ ՄԱՐԴՈՒ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ. ԳԼՈՒԽԸ ՈՒՌՃԱՑՎԱԾ Է, ՄԱՐՄԻՆԸ՝ ՓՈՔՐ

Մեր բանակը ռախիտով հիվանդ մարդու է հիշեցնում. գլուխը ուռճացված է, մարմինը՝ փոքր, այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ՝ քանի կա մեկ զինվոր, որը պահում է մեկ մարտական դրոշ, ուրեմն մենք բանակ ունենք։

Խոսելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գործունեության մասին՝ Հակոբյանը կարծիք է հայտնել, որ Պապիկյանն ամեն մանրուքի մեջ հետամուտ է լինում, մինչև վերջ գնում և ճիշտ նշանակումներ է անում։

Հակոբյանի խոսքով` ինքը չի սխալվել իր նախնական գնահատականի մեջ։ Մատնանշելով բանակի խնդիրներն ու թերությունները՝ Հակոբյանը նշել է, թե ամբողջ աշխարհում մարտնչող զինվորը մինչև 35 տարեկանն է, մեզ մոտ դարձնում են 55, ինչը կոպտագույն բացթողում է։

Նրա կարծիքով` Ադրբեջանի հետ վերջին բախումների ժամանակ ԶՈւ ստորաբաժանումները խնդիրը չեն կատարել, բայց կեղծել են տեղեկատվությունը, իսկ կեղծ հերոսացումը լավ տեղ չի տանում, դա մենք տեսել ենք 2020-ի հուլիսին։

Գեներալ Հակոբյանը նաև համոզմունք է հայտնել, թե քաղաքական կամք չի տեսնում բանակի վերականգնման համար, քանի որ գնում ենք խաղաղության։

Aysor.am