Զոհրաբյան․ Մամիջանյանը դեմ է քվեարկել նիկոլամետ զեկույցի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երբ Հայաստանն անդամակցում էր Եվրոպայի խորհրդին, մեր հիմնական հանձնառություններից մեկն էր զրպարտանքը և վիրավորանքն ապաքրեականացնելը. հիմա իշխանությունը բերել է նախագիծ, որն ընդունվել է, խայտառակ սանկցիաներ են կախված լրատվամիջոցների վրա։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, Հայաստանի ժուռնալիստների միության համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

 


«Այսպես Եվրոպայի խորհուրդը ոտնահարի իր իսկ սկզբունքները, երբ իրենց համար սուրբ կով էր։ Որևէ տող չգրել կալանավորված համայնքապետերի մասին, որոնք ակնհայտորեն քաղաքական բանտարկյալներ են, կարող էին նվազագույն մտահոգություն հայտնել կալանավորված համայնքապետերի վերաբերյալ, որոնք կալանավորվել են անմիջապես ընտրությունից հետո»,- նշեց նա։

Գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին Զոհրաբյանը նկատեց, որ Հայաստանը տնտեսություն չունի։ Ըստ նրա՝ երկու ոլորտ կա, որ կարող է գովազդատու լինել մամուլին՝ հանքարդյունաբերությունը և շահումով խաղեր. «Հանքարդյունաբերությամբ զբաղվողների վրա տոտալ արգելանք են դնում, որ չտան գովազդներ։ Եթե կարծում են, թե դրանով սահմանափակելու են երիտասարդների մուտքը այդ ակաունտներ, ապա դա լավագույն տարբերակը չէ»։

Հարցին՝ ինչո՞ւ ԵԽԽՎ-ն չի արձագանքում այս գործընթացներին՝ Զոհրաբյանն ասաց. «Առաջինը Հայաստանի իշխանությունների լավ լոբբինգի արդյունքն է, երկրորդը՝ ընդդիմության վատ աշխատանքի արդյունքն է, որովհետև ինձ համար հասկանալի չէ՝ ինչու է ընդդիմությունը բոյկոտում միջազգային կառույցները»։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերտառությամբ բանաձևին դեմ քվեարկելուն, Զոհրաբյանն ասաց.

«Ես Հայկ Մամիջանյանի տեղը լինեի ընդհանրապես չէի մասնակցի քվեարկությանը, ելույթով կմոտիվացնեի իմ քվեարկությունը, թե ինչու չեմ մասնակցում, բնականաբար Մամիջանյանը շատ լավ պատասխանել է. ինքը ոչ թե դեմ է քվեարկել պետականամետ զեկույցի, այլ դեմ է քվեարկել նիկոլամետ զեկույցի։ Այդ զեկույցը Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների ծայրից ծայր նիկոլամետ զեկույց էր», տեղեկացնում է News.am։