ՈՒՄ ՀԱՄԱՐ՝ ՆՆՋԱՐԱՆԻ ԴՈՒՌ, ՈՒՄ ՀԱՄԱՐ՝ ԱՐՅԱՄԲ ՆԵՐԾԾՎԱԾ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ

Միայն բանակի երեսնամյա հոբելյանն անտեսելը բավական է, որ Նիկոլ Փաշինյանը և յուր վարչախումբն արժանանան ամենալայն հանրային պախարակման՝ դեռ մի կողմ նրա տասնյակ մյուս հանցանքները, որոնց համար ևս վստահաբար պատժվելու է։ Բանակի տոնը, մայիսյան եռատոնը, Անկախության օրն ավանդաբար տոնախմբող մեր հարյուր հազարավոր հայրենակիցներն իրենց ներսում արդեն վաղուց հրաժեշտ են տվել Հայաստանի փաստացի կառավարչին, փակել են նրա էջը, և կամ էլ՝ հայհոյում են նրան ու իր կնոջը ու, որքան էլ անբնական է, անգամ հրապարակավ նրա մահն են ցանկանում։

Ինքը՝ Փաշինյանը, քաղաքականապես սարսափելի հյուծված է, մեկուսացած ու անօգնական, կարծես նույնիսկ պատրաստվի իշխանությունը թողնելու, քաղաքական հոգին ավանդելու։ Պատերազմից հետո տարբեր սպառնալիքներով կամավորականների էին հավաքագրում, որոնք տեսախցիկների առաջ իրենց կյանքը փրկելու համար շնորհակալություն էին հայտնում հողատու վարչապետին, այն դեպքում, երբ նրանց ընկերները զոհվել կամ հաշմվել էին այդ նույն անձի մեղքով։ Այսօր անգամ նրանք չկան, որևէ զինվորական չի էլ փորձում օգնության հասնել հոգեվարքի մեջ գտնվող իշխանության ղեկավարին։

Փաշինյանի կենսունակության աղբյուրներից մեկը, ցավոք, հենց նման կեղծ ազատամարտիկներն էին, որոնք պատրաստ էին ուրանալ ընկերների արյունն ու շնորհակալություն հայտնել դավաճանին։ Կասկածելի ծագման, ոչ բանակային համազգեստ հագած՝ անլվա ու փնթի, իրեն որպես աշխարհազոր ներկայացնող այդ տարրերն անգամ Ջրականն ու Քարվաճառն իրարից չէին տարբերում, բայց իրենց պարտքն էին համարում սատարել կապիտուլյանտին։ Ցավալի է, որ այդ մորթապաշտների շարքը համալրեցին նաև առաջին պատերազմից մեզ հայտնի որոշ ջոկատների հրամանատարներ, ազատամարտիկներ, որոնք պարզապես որևէ բարոյական իրավունք չունեին Փաշինյանի կողքին կանգնելու։

Անարժան կերպով մեդալ փախցնելը, ինչ-ինչ հանգամանքների բերումով «Մարտական խաչ» ստանալը, որ իշխանավորի պարգևավճար ստանալուց էլ ավելի դատապարտելի է, հիմք է տալիս որպես ազատամարտիկ ներկայանալու և իշխանությանն աջակցելո՞ւ։ Այս վարչախմբի հեռացումից հետո այդ բոլոր շքանշաններն ու պարգևներն առոչինչ են հայտարարվելու։ Հարկ եղած դեպքում՝ կոկորդ պատռելով իբրև լեգենդար հրամանատարներ էին ներկայանում, իսկ պատերազմից հետո կրավորական դիրքորոշում են ընդունել ու ձայն չեն հանում։ Ավելին, նույնիսկ ստորաբար փորձում էին իրական ազատամարտիկների, օրինակ՝ Ռուստամ Գասպարյանի և որդու նահատակումից հետո, նրանց համակիրներին, ջոկատի անդամներին համոզել, թե Փաշինյանը ոչնչում մեղավոր չէ։ Պատմությունն, իհարկե, մի օր ամեն ինչ իր տեղն է դնելու, բայց մինչ այդ պետք է հանվանե հիշել այն կեղծ նվիրյալներին, որոնք արցախյան գոյապայքարը վարկաբեկած և զրոյացրած Փաշինյանին աջակցում էին պատերազմից հետո։

Հայրենիքի մասին իր պատկերացումը կապիտուլյանտը բարձրաձայնել է դեռևս պատերազմի օրերին՝ այն ննջարանի դուռն է, ոչ թե, ասենք, արյամբ ներծծված հողը։ Եվ նման գռեհիկ պատկերացումներով, իր ամենազոր ֆեյքային ֆաբրիկաներով, իր անձնական պաշտպանության ներքո առած տրանսգենդեր Մելով և այսպիսի արժեքային համակարգով այդ անձն արյամբ ու արցունքով է ողողել երկիրը, ստանձնել մի ամբողջ պետության ղեկը, որը վստահաբար ո՛չ իրենն է, ո՛չ էլ իր պապերինը։ Նա որևէ պատասխան չունի ո՛չ առաջին ազատամարտի, ո՛չ 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքներին, որոնք իրենց զավակների մոխրացած աճյուններն են դեռևս հանում մարտադաշտից։ Արյան և արյունակցության գաղափարին իսպառ անհաղորդ մեկն է նա, որի ոտքերի տակ նույնիսկ սեփական հողն է այրվում։