Էլեկտրաէներգիան այսօրվանից թանկանում է

Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի համար ստիպված կլինեն միջինում 4.7 դրամ ավելի շատ վճարել։ Ուժի մեջ է մտնում Հանրային ծառայություննեը կարգավորող (ՀԾԿՀ) հանձանժողովի դեռ տարեվեջին ընդունած թանկացման որոշումը։

Արդեն նախկին ցերեկային 45 ու գիշերային 35 դրամ սակագները, կախված սպառած էլեկտաէներգիայի չափից, ավելանում են 1.5-ից 5.5 դրամով։ Այսպես՝ ամսական մինչև 200 կիլովատ սպառող բնակիչների հոսանքը թանկանում է 1.5 դրամով, 201-ից 400 կիլովատ ծախսողների համար՝ 3.5, ավելի շատ օգտագործողների, այսինքն, հիմնականում բիզնեսի համար՝ 5.5 դրամով։ Հոսանքը չի թանկանում անապահով խավերի համար։

Հոսանքի թանկացման հիմնական պատճառներից են ատոմակայանի արդիականացման համար վերցված 270 միլիոն դոլարի վարկային բեռն ու ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված պարտավորությունները։ 2013-ին կնքված պայմանագրով՝ Հայաստանը պարտավորվել էր ապահովել «Գազպրոմին» պատկանող Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար կատարված ներդրումների վերադարձն ու շահութաբերությունը։ Գումարը, սակայն, ոչ միայն չի վերադարձվել, այլև ընկերության վարկային բեռն է մեծացել։

Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների երկու տարի տևած բանակցությունների արդյունքում որոշվել է, որ փետրվարի 1-ից սկսած, տասը տարի ժամկետով, Հայաստանը «Գազպրոմին» տարեկան շուրջ 32 միլիոն դոլար կտրամադրի։ Այդ գումարը, ըստ էության, բնակիչներն են վճարելու՝ ավելի շատ վճարելով հոսանքի համար։

Նշենք, որ հունվարի 1-ից թանկացել է նաև ջուրը, իսկ գազը ամենայն հավանականությամբ կթանկանա ապրիլի 1-ից: «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է կապույտ վառելիքը հայ սպառողների համար թանակցնել միջինը 6 տոկոսով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է ռուսական ընկերության հայտը, տեղեկացնում է News.am։