Արտյոմ ՏՈՆՈՅԱՆ. ԷՐԴՈՂԱՆԸ ՀԵՆՑ ԱՅԴ ԾՐԱԳԻՐԸ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՐ, ԵՐԲ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԷՐ, ՈՐ ՊԱՅՔԱՐԸ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է.

«2020թ. դեկտեմբերին Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը արեց այսպիսի մի հայտարարություն. «Ադրբեջանի տարածքների ազատագրումը բռնազավթումից չի նշանակում պայքարի ավարտ»։

Ի՞նչ նկատի ուներ Էրդողանն իր այդ հայտարարությամբ, մանավանդ երբ դրան հաջորդեց այն խոսքը, որ պատերազմում իրենց արածը Էնվերի հոգին է փառավորել։

Էնվերը ուներ ծրագիր Կովկասի հայերի վերաբերյալ, որի մասին պատմել է Թալեաթը Խատիսյանին և դա տեղ է գտել վերջինիս գրքում։

Ըստ Էնվերի ծրագրի՝ ցեղասպանությունից հետո՝ արդեն 1918թ., երբ ռուսական զորքերը լքել էին Կովկասյան ճակատը, Թուրքիան պետք է բնաջնջեր նաև Կովասում մնացած 2 միլիոն հայերին։ Ինչքան էլ պարադոքսալ թվա, սրան դեմ է եղել ինքը՝ Թալեաթը և հայտնել Էնվերին, որ այդ բնաջնջումից հետո եթե նույնիսկ 100.000 հայ մնա աշխարհի երեսին, գլխացավանք է դառնալու Թուրքիայի համար։

Ամեն դեպքում Էրդողանի կողմից Բաքվում Էնվերի հոգին փառավորելը և պայքարի ավարտված չլինելու մասին հայտարարելը խոսում է հենց էնվերյան ծրագրի թարմացման և վերանայման մասին։ Էրդողանը հենց այդ ծրագիրը նկատի ուներ, երբ հայտարարում էր, որ պայքարը չի ավարտվում այդ պատերազմի արդյունքներով»։

Panorama.am