Պուտին․ Պատկերացրեք` Կիևը զենքով գործողություն սկսի Ղրիմում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-հունգարական բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ խնդրել է պատկերացնել, թե ինչպես է Ուկրաինան գործողություն սկսում Ղրիմում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Բուն Ուկրաինայի դոկտրինալ փաստաթղթերում գրված է, որ իրենք պատրաստվում են վերադարձնել Ղրիմը, այդ թվում ՝ ռազմական ճանապարհով ։ Ոչ թե այն, ինչ նրանք ասում են հանրությանը, այլ փաստաթղթերում է գրված։ Պատկերացնենք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ է, զենքով լցված, կանգնած են ժամանակակից հարվածային համակարգերը այնպես, ինչպես Լեհաստանում և Ռումինիայում։ Ո՞վ է խանգարելու։ Եվ գործողություններ է սկսում Ղրիմում, հիմա նույնիսկ չեմ խոսում Դոնբասի մասին»,- ասել է նա։

Պուտինը նշել է, որ Ղրիմը ռուսական ինքնիշխան տարածք է, և այդ հարցը փակված է։

«Մեզ համար այդ հարցը փակված է։ Պատկերացնենք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի երկիր է և սկսում է այդ ռազմական գործողությունները ։ Ի՞նչ է, մենք պիտի պատերազմենք ՆԱՏՕ-ի դաշինքի հե՞տ։ Ինչ-որ մեկը այդ մասին ինչ-որ բան մտածե՞լ է։ Կարծես թե` ոչ», - հավելել է ՌԴ նախագահը։

Վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն ավելի են լարվել։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Կրեմլին մեղադրում են Ուկրաինայի ուղղությամբ «ներխուժում» նախապատրաստելու մեջ և այդ ֆոնին ուժեղացնում են ներկայությունը Արևելյան Եվրոպայում և սպառնում են խստացնել հակառուսական պատժամիջոցները:

Մոսկվան հիշեցնում է, որ Կիևը չի պահպանում Մինսկի համաձայնագրերը. ուկրաինական իշխանությունները շփման գծի մոտ են կենտրոնացրել բանակի անձնակազմի կեսը և արգելված զենքից գնդակոծում են աշխարհազորայիններին:

Կրեմլն ու ՌԴ ԱԳՆ –ն բազմաթիվ անգամ ասել են, որ «ագրեսիայի մասին» հայտարարությունների նպատակը ռուսական սահմանների մոտ օտարերկրյա խմբավորման ավելացումն է, տեղեկացնում է Sputnik Արմենիա: