Սերժ Սարգսյանն ընդունել է Միջազգային Դեմոկրատական միության պատվիրակությանը

Ս.թ. փետրվարի 2-ին, ՀՀԿ կենտրոնակայանում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Միջազգային Դեմոկրատական միության (International Democrat Union, IDU) պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից։

Պատվիրակության կազմում էին Միջազգային Դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Քրիստիան Կատները և Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Միջազգային Դեմոկրատական միության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեյնոլդ Լապատկան:

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամության հայտը տվյալ կազմակերպությանը:

Հյուրերի խնդրանքով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է կուսակցության պատմությունը, կանոնադրությունը, գործունեության սկզբունքները, հատուկ շեշտադրում է արվել կուսակցական բարեփոխումներին, որոնք մեկնարկել են ՀՀԿ վերջին համագումարից հետո: Այդ համատեքստում ընդգծվել է կուսակցության կողմից երիտասարդների ներգրավմանն ուղղված աշխատանքները: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անվտանգային մարտահրավերները:

Նախագահը մանրամասնել է ՀՀԿ դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի հետ կապված: ՀՀԿ և Միջազգային Դեմոկրատական միության ներկայացուցիչները, հանդիսանալով պահպանողական գաղափարախոսությամբ առաջնորդվող կառույցների անդամներ, անդրադարձ են կատարել պահպանողական գաղափարախոսության արդի վիճակին, վերջինիս առանձնահատկություններին և դրսևորումներին տարբեր երկրներում:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրափելը: Միջազգային Դեմոկրատական միությունը (IDU) միջազգային քաղաքական պահպանողական կազմակերպություն է, որը իր կառույցի ներքո միավորում է տարբեր երկրների ավելի քան 80 կուսակցություններ: