2021Թ․-Ի ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԱՂՔԱՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Է

Հրապարակվեցին 2021թ ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ նախնական ցուցանիշները (հղումը)։ Այսպիսով՝ ևս մեկ անգամ փաստվում է

Հայաստանում շարունակում է նվազել կյանքի որակը, զուգահեռաբար՝ աճում է աղքատությունը և սրվում են սոցիալական խնդիրները։

 Փաստերը՝ թվերով (ցուցանիշները բերված են աղյուսակում)

1 Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ ¼-րդ մասը։ 2020թ-ի համեմատ՝ 2021թ-ին նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է մոտ 21,7 տոկոսով։

Մասնավորապես՝ 2021թ-ին նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է 68000 դրամ, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը՝ շուրջ 73400 դրամ։

2 2020թ-ի համեմատ՝ 2021թ-ին չեն ավելացել նաև սոցիալական նպաստի բազային և միջին չափերը, կենսաթոշակի նվազագույն և հիմնական չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները։

3 2022թ-ին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։

Այսինքն՝ շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից 485000-ի կամ 83 տոկոսի նպաստներն ու թոշակները չեն ավելացել նաև 2022թ-ին։ Մնացած 17 տոկոսի նպաստներն ու թոշակներն ավելացել են աննշան չափերով՝ միջինը 2-3 հազար դրամով։

4 Փոխարենը՝ միայն 2021թ-ին արդեն ունենք սպառողական գների 7,2 տոկոս, սննդամթերքի միջին գների՝ 11,5 տոկոս, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի՝ մոտ 21,5 տոկոս աճ։ Իսկ 2022թ-ի համար օրվա իշխանությունը կանխատեսել է սպառողական գների մինչև 5,5 տոկոս աճ։

5 2020թ-ի համեմատ՝ 2021թ-ին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,6 տոկոսով: Ինքնին խնդրահարույց է աճի այս ցուցանիշը՝ ընդամենը 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ֆոնին։

Նույնիսկ միջին աշխատավարձի ուռճացված աճի այս ցուցանիշը գրեթե 3 անգամ զիջում է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի աճին, սննդամթերքի միջին գնաճից պակաս է շուրջ 1,5 անգամ, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների (ձու, ձեթ, բանջարեղեն, շաքար և այլն) միջին գնաճից՝ շուրջ 4 անգամ։ Այլ կերպ ասած՝ 2021թ-ին ևս աշխատողների միջին իրական աշխատավարձերը, հետևաբար նաև՝ գնողունակությունը նվազել են։

6 2021թ-ին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրել, քան 2020թ-ին, երբ առկա էին COVID-19-ի տնտեսական համատարած ու չարդարացված սահմանափակումների, դրան էլ գումարած՝ 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները։ Ընդ որում՝ 2019թ-ի համեմատ, 2020թ-ին շուրջ 0,6 տոկոսային կետով աճել է աղքատության միջին մակարդակը, որի գործոնները սաստկացել են 2021թ-ին և պահպանվում են 2022թ-ին։ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու, քան այս տարի։

7 Փաստորեն, օրվա իշխանությունների կեղծ խոստումներն օր օրի բացահայտվում և փոխարինվում են ավելի մեծ ստերով։

Թադևոս Ավետիսյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ

Yerkir.am