«Հրապարակ». ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲ Է ԺԱՄԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներն ահազանգում են, թե Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում հակառուսական տրամադրություններով, որոնք, ըստ տարբեր հարցումների, հատկապես աճել են պատերազմից հետո։ Այդ նպատակով Ռուսաստանից փորձագետների խումբ է ժամանել Հայաստան՝ իշխանական տարբեր շրջանակների հետ առնչություն ունեցողներ, լրագրողներ։

Վերջին օրերին ինտենսիվ հանդիպումներ են ունենում հայաստանյան ռուսամետ հատվածի ներկայացուցիչների հետ, քննարկում են հայ-ռուսական հարաբերությունները բարելավելու, հակառուսական տրամադրությունները մեղմելու հարցեր։ Սակայն տեղեկություններ կան, որ այդ հանդիպումների ընթացքում հընթացս պրոպագանդվում է նոր միութենական պետության գաղափարը, և հայաստանյան գործիչներին հորդորում են այդ ուղղությամբ պրոպագանդա իրականացնել։

Հանդիպում է սպասվում նաև Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ, փետրվարի 4-ին կլոր սեղան-քննարկում է նախատեսված, որի ընթացքում կարծարծվեն երկկողմ փոխհարաբերությունների սերտացման, համագործակցության հարցեր»։

Aysor.am