Թաթոյան. Բաքուն, գերիներ պահելով, փաստացի մարդկանց թրաֆիքինգ է իրականացնում

Բաքուն առանց պատճառի գերի է պահում հայերին՝ բացառապես քաղաքական և ռազմական դիվիդենտների համար։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Օմբուդսմենն ընդգծեց, որ Ադրբեջանում գերեվարված հայերը կյանքի սպառնալիքի տակ իրենց իրավունքների լուրջ ոտնահարման են բախվում։ «Սա ամենաիսկական թրաֆիքինգ է քաղաքական հաշվարկներից։ Դա անընդունելի է և մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Պետք է աշխարհին ցույց տալ, որ իրականում գործ ունենք նոր ռազմական հանցագործությունների հետ։ Ադրբեջանում գերիների հետ կապված դատավարությունները ոչ այլ ինչ են, քան շղարշ, իրենց արդարացնելու փորձ,- հայտարարեց Օմբուդսմենը՝ միաժամանակ հիշեցնելով, որ միակ կառույցը, որը կարող է տեսնել գերիներին, ԿԽՄԿ-ն է։ Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր ԿԽՄԿ-ի գործունեությունը սահմանափակելու Բաքվի փորձերի մասին։

«Գերիներ պահելը ևս Ադրբեջանի խաղաղ մտադրությունների «ազնվության» ցուցիչ է։ Նրանք ոչ միայն չեն վերադարձնում գերիներին, այլև մեծացնում են ժողովուրդների միջև թշնամությունը»,- նշել է Թաթոյանը՝ ընդգծելով գերիներին վերադարձնելու համար ճնշումների ավելացման և կանխարգելիչ համալիր աշխատանքների անհրաժեշտությունը, որպեսզի նոյեմբերի 16-ի դեպքերը չկրկնվեն։ «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի նրանք մոլորեցնեն համաշխարհային հանրությանը։ Եվ գործենք փաստերով»,- նշեց օմբուդսմենը, տեղեկացնում է News.am։