Միջազգային հարաբերությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համատեղ հայտարարություն են ստորագրել նոր դարաշրջան թևակոխող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ։

«Ռուսաստանը և Չինաստանը դեմ են ընդհանուր հարակից շրջաններում անվտանգության ու կայունության խաթարմանն ուղղված արտաքին ուժերի գործողություններին, մտադիր են ցանկացած պատրվակով դիմակայել արտաքին ուժերի միջամտությանն ինքնիշխան երկրների ներքին գործերին, դեմ են «գունավոր հեղափոխություններին» և կխորացնեն համագործակցությունը վերը նշված ոլորտներում»,- ասված է երկու երկրների ղեկավարների հայտարարության մեջ։

«Կողմերը կարծում են, որ Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալը, ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռների հետազոտման և մշակման արագացումը, ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան և Եվրոպական տարածաշրջաններում դրանք տեղակայելու ցանկությունը, ինչպես նաև դրանց փոխանցումն իրենց դաշնակիցներին, լարվածության և անվստահության աճի են հանգեցնում, մեծացնում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ռիսկերը, սպառազինությունների չտարածման և վերահսկման միջազգային համակարգի թուլացման են հանգեցնում՝ խաթարելով համաշխարհային ռազմավարական կայունությունը։ Կողմերը կոչ են անում ԱՄՆ-ին դրականորեն արձագանքել ռուսական նախաձեռնությանը և հրաժարվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրոպայում ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու պլաններից: Կողմերը կշարունակեն պահպանել շփումները և ամրապնդել համակարգումն այս հարցում։

Չինական կողմը ըմբռնումով է մոտենում և աջակցում է Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրոպայում երկարաժամկետ իրավական պարտադիր երաշխիքների ձևավորման վերաբերյալ առաջարկներին։

Կողմերը նշել են, որ ԱՄՆ-ի կողմից սպառազինությունների վերահսկման ոլորտում մի շարք կարևոր միջազգային պայմանագրերի չեղարկումը չափազանց բացասաբար է ազդում միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա։

Կողմերը մտահոգություն են հայտնել գլոբալ հակահրթիռային պաշտպանության զարգացման և դրա տարրերն աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղակայելու ԱՄՆ ծրագրերի առաջխաղացման կապակցությամբ:

Կողմերը ընդգծել են տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կարևորությունը, վճռականորեն աջակցում են ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման կոմիտեի կենտրոնական դերին՝ միջազգային համագործակցության խթանման, տիեզերական միջազգային իրավունքի և տիեզերական գործունեության ոլորտում կանոնակարգման պահպանման նպատակով:

Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են տիեզերական գործունեության երկարաժամկետ կայունությունը և տիեզերական ռեսուրսների ուսումնասիրությունն ու օգտագործումը: Կողմերը դեմ են առանձին պետությունների՝ տիեզերական տարածությունը զինված դիմակայության ասպարեզի վերածելու փորձերին, վերահաստատում են իրենց մտադրությունը՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ արտաքին տիեզերքի զինագործումը և սպառազինությունների մրցավազքը կանխելու համար: Նրանք կհակազդեն տիեզերքում ռազմական գերազանցության հասնելուն և այն մարտական ​​գործողությունների համար օգտագործմանն ուղղված քայլերին, տեղեկացնում է News.am։