Ադրբեջանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար

Ադրբեջանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար։ Ինչպես ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է մշակույթի նախարար Անար Քերիմովը, հանձնաժողովում ներառված են մասնագետներ, ովքեր տիրապետում են Ալբանիայի պատմությանը, մշակույթին և գրչությանը։ «Հայերը հետքեր են թողել մեր հուշարձանների վրա, այդ կապակցությամբ այժմ ապացույցներ ենք հավաքում»,- ասել է Քերիմովը՝ շարունակելով ստի քաղաքականությունը քրիստոնեական եկեղեցիների՝ իբր ալբանական պատկանելիության մասին։

«Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում ալբանագիտության ոլորտում միջազգային փորձագետների հետ, նախատեսվում է նրանց հրավիրել Ադրբեջան։ Ինչպես գիտենք, մենք անվտանգության նկատառումներից ելնելով չենք կարող մեկնել այդ տարածքներ։ Հաջորդ փուլերում տեղական և միջազգային փորձագետների հետ կգնանք այն տարածքները, որտեղ գտնվում են հայկականացված ալբանական հուշարձանները, բոլոր փաստերը կփաստագրվեն և կներկայացվեն միջազգային հանրությանը»,- ասել է նախարարը, տեղեկացնում է News.am։

Իսկ մինչ այդ Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հրաժարվում են թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին մուտք գործել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Պատճառներն ակնհայտ են ադրբեջանական կողմին ժամանակ է պետք «ապացույցները» կեղծելու համար։