Մակրոնը տեսակապով զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանս է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է AFP-ն։

Նշվում է , որ տեսակոնֆերանսին մասնակցել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:

Հանդիպումից հետո Փաշինյանը Facebook–ում հայտնեց բրյուսելյան հանդիպման արդյունքը` երկաթուղին կվերագործարկվի և կգործի սահմանային ու մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։ Դեկտեմբերի 15-ին էլ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա: