ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ ՏԱԿ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄՆ ՈՒԺԻ ՄԵ՞Ջ Է
Բանակի տոնի նախօրեին կասկածելիորեն կորոնավիրուսով վարակված և օրեր անց ինքնամեկուսացումից բարեհաջող դուրս եկած Նիկոլ Փաշինյանը շարունակում է սեփական մոնոլիտ իշխանության անխոչընդոտ կառուցումը՝ այս անգամ էլ պետության ձեռնասուն նախագահ կարգելով։
Վահագն Խաչատուրյանի միակ հոգսը, թերեվս, լինելու է իրեն նշանակողի պաշտոնավարման հնարավորինս հարթ և հանգիստ ընթացքի ապահովումը՝ առանց ՍԴ-ի և նմանատիպ այլ գլխացավանքների, այսինքն՝ առանց Արմեն Սարգսյանի պես մանր չարաճճիություններ անելու։ Հո չի՞ պնդելու, որ, օրինակ, կառավարությունը պատերազմից մեկ տարի և երեք ամիս անց վերջապես հրապարակի զոհերի և անհետ կորածների իրական թիվն ու անվանացանկը։
Իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն դարձյալ շարունակելու է մնալ նույն անձը՝ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ նրա մեղքը լղոզելու փորձեր արվեն։ Այսօր արդեն այս սթափ գիտակցումն ունի որդեկորույս մայրերի, անհետ կորածների և գերիների ծնողների բացարձակ մեծամասնությունը և չի փորձում այլ մեղավորներ փնտրել։ Մեր այս հազարավոր հայրենակիցները, կորստի կամ անորոշության ցավը սրտներում, թերևս արդեն համոզվել են իշխանության պաթոլոգիկ ստախոսության մեջ։ Բաքվի զնդաններում որպես պատանդ պահվող մեր տղաների տունդարձի որևէ այլ տարբերակ չկա, բացի Փաշինյանի՝ օր առաջ պաշտոնաթողությունից։ Անգամ միջազգային կառույցներն ու բարեկամ երկրներն այլևս գերիների վերադարձի քայլեր չեն նախաձեռնում, քանի որ Երևանն այդ հարցում պահանջատեր չէ։
Ամիսներ շարունակ գերիների և անհետ կորածների հարազատներին կառավարությունում էլ չեն ընդունել, հավանաբար գիտեն ցասումով լի ծնողների հնարավոր արձագանքը։ Ոչ մի արժանապատիվ մարդ իրեն թույլ չի տա սեղմել այս իշխանության և նրա ղեկավարի ձեռքը, խաբվել սուտ և շողոքորթ խոսքերով, կեղծ ցավակցություններով։ Պարտությունից շաբաթներ անց Փաշինյանի ձեռքը հրապարակայնորեն օդում թողնելու՝ Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանի խորհրդանշական քայլն, ինչ խոսք, ազդեցիկ էր, և այն պետք է համընդհանուր դառնա։
Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո վերարթնացան ողջամիտ կասկածներն առ այն, որ այս իշխանությունը կանխամտածված կերպով պետությունը տարել է կործանարար պատերազմի, իսկ Շուշիի անկման հանգամանքներն առայսօր պարզաբանված չեն։ Թվում է՝ արժանապատիվ հասարակություններում նման կասկածների առկայության դեպքում անգամ առանց որևէ բողոքի ցույցի պարտության հաջորդ օրը դրա մեղավորը պետք է ներողություն խնդրեր և հեռանար։ Չկա որևէ պատճառ կամ բացատրություն, թե ինչո՞ւ, ի՞նչ հիմքով Փաշինյանը պետք է կառչած մնար սեփական աթոռից և շարունակեր պաշտոնավարել, թերևս բացի նրանից, որ դեռևս միգուցե պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնք չի կարող անկատար թողնել։
Փաշինյանը քանիցս ասել է, որ հլու-հնազանդ կկանգնի գնդակահարության պատի տակ, եթե ժողովուրդն այդպես որոշի։ Դժվար է ասել՝ ո՞ւմ է նա ժողովուրդ համարում, բայց նույնիսկ իր այդ խոստման նախաքայլը չի արել։ Մինչդեռ պետք էր հրապարակավ ծնկի գալ, ներողություն խնդրել սեփական ազգից, ապա թողնել պաշտոնն ու սպասել՝ իր համար ի՞նչ պատիժ կսահմանի անկախ դատարանը։ Բայց քանի որ գործող կառավարությունն ունի ադրբեջանական լուրջ հովանավորությունն ու բացահայտ աջակցությունը, իսկ մեր հասարակությունն էլ հիվանդագին անտարբերություն է ցուցաբերում պատերազմի հետևանքների նկատմամբ, Փաշինյանի վարչախումբն անարգել շարունակում է պաշտոնավարումը։