ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ԾՆԿԻ ԻՋԱԾ

Երեկ ՀՀ ԱԳՆ-ը իր մամլո խոսնակի շուրթերով հայտարարեց, որ ադրբեջանական կողմը բովանդակալի պատասխան չի տվել սահմանազատման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին՝ մերժելով դրանք և չառաջարկելով եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների իրականացման տարբերակներ: Այդ կերպ ՀՀ ԱԳՆ-ն պատասխանեց Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Հայաստանը չունի սահմազատման հարցում որևէ նախապայման առաջ քաշելու իրավական, քաղաքական և բարոյական իրավունք։

Ադրբեջանական կողմի այդօրինակ արձագանքը միանգամայն կանխատեսելի էր, եթե նկատի առնենք, որ Հայաստանի կողմից բանակցողի դերում հանդես է գալիս ջախջախիչ պարտություն կրած իշխանությունը: Չէ՞ որ, ըստ էության, կապիտուլացված կողմի հետ այլ խոսակցություն ակնկալել անհնար է։ Այլ հարց է, որ հայկական իշխանության համար թուքումուրը ցող ու շաղ է, և նա շարունակում է «դրական» մեսիջներ որսալ թուրք-ադրբեջանական տանդեմից։ Համենայնդեպս երեկ Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, կրկին հայտարարեց, թե «որոշակի դրական ազդակներ կան, որ գործընթացը կընթանա բարեհաջող»։

Թե ինչի վրա է հիմնված Միրզոյանի այդ վստահությունը, դժվար է ասել, եթե հաշվի առնենք, որ հայ-թուրքական գործընթացը, ինչպես բազմիցս հայտարարել է թուրքական կողմը, ընթանալու է «Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ», «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի շրջանակներում, և որ «Թուրքիան չի մասնակցի որևէ նախաձեռնության, որը նպատակահարմար չեն համարի Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունը»։ Ավելին, մեր իշխանությունը շարունակում է պնդել (համենայնդեպս՝ ներքին լսարանի համար), թե գործընթացը մեկնարկել է առանց նախապայմանների և շարունակվելու է նույն կերպ…

Մինչդեռ թուրք-ադրբեջանական տանդեմի այս մոտեցումն օրերս հերթական անգամ հաստատեց Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, փաստացի կրկին մատնանշելով Թուրքիայի հայտնի նախապայմանները և հայտարարելով, թե Հայաստանը պետք է համաձայնի այն ամենին, ինչ առաջարկում են Թուրքիան և Ադրբեջանը։ Վերջիններիս սրտով չէ, բնականաբար, բազմամիլիոնանոց հայկական Սփյուռքը, որը, Չելիքի խոսքերով, «թունավորում է» հայ-թուրքական հարաբերությունները։

Կարելի՞ է արդյոք պարզ զուգադիպություն համարել այն, որ դեկտեմբերյան ասուլիսի ժամանակ Փաշինյանը փաստացի լվաց ձեռքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, դնելով այդ պարտականությունը Սփյուռքի ուսերին, թե՞ այդ հայտարարությունը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար «ատելի» Սփյուռքի համատեքստում, այնուամենայնիվ բխում է հայկական կողմին ներկայացված նախապայմաններից։ Նախապայմաններ, որոնք հայկական կողմը կատարում է քութիկի պես, սեպ խրելով Հայաստանի և Սփյուռքի արանքում, որը գնալով ավելի է երես շրջում Հայրենիքից՝ հուրախություն թշնամիների, որոնք հիանալի հասկանում են տարբերությունը Սփյուռքի հետ միաբան Հայաստանի և Սփյուռքից զատ Հայաստանի միջև։ Ինչո՞ւ դա չի հասկանում Հայաստանի ներկայիս իշխանությունը, ինչո՞ւ է նա անում ամեն ինչ, որ Հայաստանից երես թեքի բազմամիլիոնանոց ազդեցիկ Սփյուռքը։ Պատասխանը, հավանաբար, կստանանք իշխանափոխությունից հետո։

Մինչդեռ ՔՊ ներկայացուցիչներն աստիճանաբար բացահայտում են իշխանության մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ Նրանց կարծիքով, ազգային և պետական շահերը երբեմն հակասության մեջ են մտնում միմյանց հետ։ Եվ պատմական արդարությունը վերականգնելու պահանջ ներառող հայոց ազգային շահերը հակասում են Հայաստանի պետական շահերին, որոնք պետք է բխեն realpolitik-ից, և հենց այդ դիրքորոշմամբ է Հայաստանը մտել հայ-թուրքական գործընթացի մեջ։ Դժվար թե իշխող ուժը չհասկանա, որ Հայաստանի ազգային և պետական շահերը չեն կարող հակասել միմյանց, դրանք կարող են միայն փոխլրացնել մեկմեկու։ Առանձնակի ցուցանշական է, որ ՔՊ-ականների հայտնությունները հնչում են ադրբեջանա-թուրքական թեզերին գրեթե զուգահեռ։

Ցուցանշական է նաև, որ Չելիքի հնչեցրած «Թուրքիան չի մասնակցի որևէ նախաձեռնության, որը նպատակահարմար չեն համարի Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունը» թեզը չի զգաստացրել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, որը շարունակում է «դրական ազդակներ» լսել այնտեղ, որտեղ այդպիսիք պարզապես չկան։ Դատեք ինքներդ։ Արտգործնախարար Բայրամովը հայտարարում է, որ «Ադրբեջանական ժողովուրդն ու պետությունը աննպատակահարմար են համարել» սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկները, «պարզաբանելով», թե «Հայաստանը չունի սահմանազատման հարցում որևէ նախապայման առաջ քաշելու իրավական, քաղաքական և բարոյական իրավունք»: Թե որոնք են այդ առաջարկները, հասարակությանն ու քաղաքական ուժերին գրեթե հայտնի չէ։ Գիտենք միայն զորքերի «հայելային» հետքաշման կասկածելի առաջարկի մասին, որը ադրբեջանական կողմը, համարելով պայման, մերժել է՝ փաստացի հրաժարվելով դուրս բերել իր զորքերը նախորդ տարվա մայիսի 12-ից բռնազավթված Հայաստանի ինքնիշխան տարածքներից։

Ավելին, նրանք, ըստ էության, ոչ միայն «աննպատակահարմար» են համարում հոժար կամքով դուրս գալ մեր տարածքից, այլև պահանջում են «իրենց պատմական հողերը»՝ Սյունիքը, Սևանը, Երևանը, ցուցումներ տալով մեզ, թե ով ինչի իրավունք ունի։ Իրենք՝ ամեն ինչի, մենք ՝ ոչնչի, և պետք է համաձայնենք այն ամենին, ինչ առաջարկում են Թուրքիան և Ադրբեջանը

Եվ այսպիսի «դրական ազդակներով» այս իշխանությունը պատրաստվում է հարաբերություններ կարգավորել։ Այն իշխանությունը (բնավ ոչ պետությունը), որը ջախջախիչ պարտություն է կրել, և որին՝ որպես կապիտուլացված կողմի, Ադրբեջանն ու Թուրքիան մեծահոգաբար թույլ են տալիս համաձայնել այն ամենին, ինչ իրենք կբարեհաճեն առաջարկել։ Չէ՞ որ այս խորապատկերին հստակ երևում է, թե ինչ ձևաչափում, ինչպիսին ընդհանրապես կարող են լինել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները. Հայաստանը գործնականում զրկված է սեփական դիրքորոշման, իր պետության, իր սահմանների և իր շահերի պաշտպանության ու ձայնի իրավունքից։ Ուրեմն գուցե կապիտուլյանտ Փաշինյանն ու իր թիմը հեռանա՞ն վերջապես, և թույլ տան երկրին ոտքի ելնել ծնկաչոք դիրքից։