Երեխային բռնության ենթարկելու գործով դայակին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Նա հայտնեց, որ փետրվարի 5-ին դայակի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել միջնորդությունը։ Դայակի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

Հայտնել էինք, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, որը կատարվել է առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։

Հիշեցնենք՝ ոստիկանությունը հայտնել էր, որ անչափահաս աղջիկ Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն խմբի երեխաների միջոցով պարբերաբար խոշտանգումների են ենթարկել փոքրիկին: Հարուցված է քրեական գործ։

Նշենք, որ համաձայն լրատվամիջոցների տեղեկությունների՝ խոսքը Նորքի թիվ 124 մանկապարտեզի մասին է։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ էլ փետրվարի 3-ին աշխատակիցներն այցելել են մանկապարտեզ, առանձնազրույցներ ունեցել տնօրինության, դաստիարակների ու դայակների հետ։ ՄԻՊ-ը նաև գրություններ է նախապատրաստվել ուղղված Երևանի քաղաքապետարանին և ոստիկանությանը: