Hetq.am․ Վերջին 13 տարում ՀՀ դատարաններում ակնհայտ ապօրինի ձերբակալման կամ կալանավորման գործ չի քննվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին մեղսագրվող հոդվածով առնվազն վերջին 13 տարվա ընթացում որևէ գործ չի քննվել Հայաստանի դատարաններում: Այս մասին փաստում է court.am կայքում և «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա վիճակագրությունը, գրում է Hetq.am-ը:

Դատավոր Բախշիյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով, այսինքն՝ ակնհայտ ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, տվյալ դեպքում դատավոր Բախշիյանին վերագրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու արարք:

Court.am կայքում յուրաքանչյուր տարի հրապարակվում է նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ի դատարաններում քննված քրեական գործերի վերաբերյալ վիճակագրություն: Այս վիճակագրության մեջ առկա է նաև տեղեկատվություն, թե Քրեական օրենսգրքի ինչ հոդվածով որքա՞ն գործ է քննվել դատարաններում: Court.am-ում առկա են մինչև 2015 թվականին քննված գործերի վերաբերյալ տվյալները, ըստ որոնց՝ 2015-ից մինչև 2021-ը ներառյալ ոչ միայն Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով որևէ դատավճիռ առկա չէ, այլ առհասարակ որևէ գործ Դատախազությունը մեղադրական եզրակացությամբ չի ուղարկել դատարան:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, որը ներդրվել է 2008 թվականից, առկա են տվյալներ նաև 2008-ից մինչև 2015-ը դատարաններում քննված գործերի վերաբերյալ: Համակարգում նույնպես Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով գործեր չգտնվեցին: Այսինքն՝ կարելի է փաստել, որ առնվազն վերջին 13 տարում՝ 2008-ից մինչև 2021-ը ՀՀ դատարաններում չեն քննվել Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով քրեական գործեր:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Գլխավոր դատախազությունից պարզաբանել էին, որ դատավոր Բորիս Բախշիյանը Ն.Մ.-ին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրան լսելու ու դիրքորոշմանը ծանոթանալու է կալանավորել։

Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։