Ռոբերտ Քոչարյան. Շուտով գալու է պատասխան տալու ժամանակը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հայաստանի և Արցախի առջև ծառացած չափազանց բարդ մարտահրավերների պարագայում, այս իշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու, ամեն գնով կալանավորելու և գերագույն ճիգերով կալանքի մեջ պահելու գործին:

Բացառապես իրենց քաղաքական հայացքների համար կալանավորված են Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Նարեկ Մանթաշյանը և Գառնիկ Իսագուլյանը: Այսօր, արդեն, չենք զարմանում նույնիսկ դատավորին արդարադատության իրականացման համար կալանավորելուց:

Սա իրավական խայտառակության նոր նշաձող է: Սա դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է և կալանքով ահաբեկման նոր ալիք: Կատարվողը իրավական պետության քայքայումն է՝ միջազգային կառույցների լուռ աջակցությամբ:

Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը թույլ ու անկարող է բարդ մարտահրավերներին դիմակայելու համար: Դրա փոխարեն, անում է ամեն ինչ՝ ներսում դիմադրությունը կոտրելու նպատակով: Ակնհայտ է, որ այսօր թիվ մեկ գլխացավանքների շարքում հենց իշխանությունն է։

Այս գործընթացները չեն կարող երկար տևել, դրանք, ի վերջո, մոտենալու են վախճանին, քանի որ ապօրինությունների այս ծավալը ոչ մի իշխանություն չի կարող մարսել:

Շուտով գալու է պատասխան տալու ժամանակը»։

Panorama.am