Չինաստանը հանդես է եկել ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ
ԵՄ-ում Չինաստանի ներկայացուցչությունը դեմ է հանդես եկել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և անօգուտ է համարել ջանքերը՝ ուղղված գլոբալ անվտանգության ապահովմանը։ Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը երեքշաբթի հրապարակվել է գերատեսչության կայքում։
«ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի օգնի ապահովել աշխարհում անվտանգությունն ու կայունությունը»,- ասվում է փաստաթղթում։
Փաստաթղթում ասվում է նաև, որ դաշինքի նման փորձերը «միայն նպաստում են քաղաքական դաշինքների ձևավորմանը և ռազմական ոլորտում առճակատման առաջացմանը»։ «Մենք կոչ ենք անում ՆԱՏՕ-ին հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և գաղափարախոսությունից, հարգանք ցուցաբերել այլ երկրների ինքնիշխանության, անվտանգության և շահերի, նրանց քաղաքակրթությունների, պատմության և մշակույթների տարբերությունների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
«ՆԱՏՕ-ն սառը պատերազմի պտուղ է։ Չինական կողմը կարծում է, որ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների բռնի ընդլայնմամբ։ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի միջպետական վստահությունն ամրապնդելու, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը իսկապես պաշտպանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Չինաստանի և Ռուսաստանի համատեղ հայտարարությունը Պեկինում երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով պետք է դիտարկել որպես «ինքնիշխան երկրների իրավունքը ժխտելու փորձ»։
Փետրվարի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը։ Ուրբաթ օրը նա հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն է Չինաստան կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից ի վեր, տեղեկացնում է News.am-ը։