Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հաստատում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կուրսը

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, «ալբանացնելու» մտադրությունը։

«Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ազատագրված տարածքներում գտնվող պատմական-կրոնական հուշարձանները պատկանում են ադրբեջանական ժառանգությանը, և դրանց պահպանությունը ադրբեջանական պետության պարտականությունն է։ Որպես վառ ապացույց կարելի է նշել Շուշի քաղաքում մզկիթների և երկու քրիստոնեական եկեղեցիների վերականգնումը։ Ադրբեջանը՝ ի տարբերություն Հայաստանի, իր պատմամշակութային ժառանգության մեջ կրոնական և էթնիկական հողի վրա տարբերություններ չի դնում և հավատարիմ է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, ներառյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին: Հավելենք նաև, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ներկայումս համապատասխան մոնիթորինգ է անցկացնում օկուպացիայից ազատագրված տարածքներում։ Ինչ վերաբերում է ազատագրված տարածքներում հնագույն ալբանական ժառանգությանը, ապա հարկ է նշել, որ այդ կապակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ տեղի և արտասահմանյան փորձագետների ներգրավմամբ՝ համապատասխան մոնիթորինգ իրականացնելու համար։ Իսկ կեղծիքների հայտնաբերման դեպքում այդ խախտումները կփաստագրվեն ու միջազգային փորձագետների մասնակցությամբ կներկայացվեն միջազգային հանրությանը։ Հիշեցնենք, որ պատմամշակութային ժառանգության պատկանելիության փոփոխությունը, դրա ծագումը հակասում է 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի դրույթներին»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am։