ԱՀ ԱԳՆ․ Ադրբեջանը փորձում է օրինականացնել Արցախում կիրառված ռազմական ուժի արդյունքները

Եթե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում պատմությանն ու մշակույթին վերաբերող ադրբեջանական մեքենայությունները ծառայում էին որպես արդարացում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայկական բնակչության բռնի տեղահանման համար, ապա հիմա դրանք միտված են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ուժի ապօրինի կիրառման արդյունքների օրինականացմանը: Արցախի արտաքին գործերի նախարարությունն այսպես է արձագանքել է Ադրբեջանի մշակույթի նախարարի` Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարությանը։

«Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումը, որի աշխատանքը, համաձայն պաշտոնատար անձանց հաջորդող հայտարարությունների, ուղղված կլինի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերի ջնջմանը: Տվյալ քայլը ևս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է այն ակնհայտ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը լիակատար ոչնչացման կամ պատմական արմատներից անջատվելու իրական վտանգ է սպառնում»,- նշված է ԱԳն տարածած հայտարարության մեջ։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ Արցախի տարածքում հայկական ներկայության ոչնչացումը պատմության կեղծման, հայկական մշակութային կոթողների ոչնչացման և բնիկ տեղանունների անվանափոխման միջոցովԱդրբեջանի ագրեսիայի շարունակումն է այլ մեթոդներով:

Սա մարտահրավեր է նաև միջազգային հանրության համար: Հիշեցնում են՝ ՄԱԿ-ի դիրքորոշմամբ՝ մշակութային օբյեկտների ոչնչացումը պատերազմական հանցագործություն է և հավասարեցվում է ահաբեկչական գործողություններին:

Բացի այդ, հայկական մշակութային և կրոնական կոթողները փոխակերպող հատուկ հանձնաժողովի ստեղծումը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշման կոպիտ խախտում է: Նշված միջանկյալ միջոցները պաշտոնական Բաքվից պահանջում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը:

«Որոշումը պարտադիր ուժ ունի Ադրբեջանի համար: Բաքվի հրաժարումը, կատարել այն, ցուցադրում է Բաքվի մտադրությունը խափանել, թեկուզև տեղային մակարդակով, միջազգային հարաբերությունների համակարգը, որն ապահովում է միջազգային խաղաղություն և անվտանգություն»,- ընդգծվում է ԱԳՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է անում միջազգային հանրությանը և մասնագիտացված միջազգային կազմակերպություններին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Բաքվին կատարել միջազգային պարտավորությունները՝ պահպանելով և հարգելով հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը։