ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ ԴԵՌ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ՞Ր ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Նիկոլ Փաշինյանի հետպատերազմյան կառավարման կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ նա իր ստորագրած երեք եռակողմ հայտարարությունների ողբերգականությունն ու դրանց հետևանքներն առայսօր չի պատկերացնում։ Փաշինյանն այդ փաստաթղթերից մեկով երաշխավորվող հայ ռազմագերիների վերադարձն անգամ չի պահանջում, և օգտվելով առիթից՝ Բաքուն նրանց դատում է որպես հանցագործների, հընթացս՝ միջազգային հանրության աչքում արդարացնում է իր գործելակերպը՝ պնդելով, թե բոլոր ռազմագերիները վերադարձված են։
Անգամ ամենալավատեսական կանխատեսումներով՝ հետպատերազմյան մեկ տարում Բաքվի բանտերում խոշտանգվող հայորդիները պիտի հայրենադարձվեին, սակայն դա տեղի չունեցավ։ Միգուցե Փաշինյանը կապիտուլյացիոն հայտարարությունն ստորագրել է՝ նույնիսկ չծանոթանալո՞վ դրա դրույթներին, որևէ վերապահում չհայտնելո՞վ, այլ բացառապես մտածելով՝ ի՞նչ կլինի իր հետ ստորագրումից հետո։ Եթե որոշումը միանձնյա է եղել, փաստորեն՝ նրա շրջապատը, խորհրդականները, քաղաքական, դիվանագիտական և ռազմական փորձառություն ունեցող գործիչներն էլ զուրկ են եղել նրան խորհուրդ տալու, ուղղորդելու, թեկուզ ինչ-որ բան հօգուտ մեզ ձևակերպելու հնարավորությունից։
Թերևս, ստորագրման պահին Փաշինյանն իրապես չի կարևորել կամ չի գիտակցել կապիտուլյացիայի ոչ միայն երկարաժամկետ, այլև կոնկրետ մարդկային կյանքերի հետ կապված հետևանքները, սակայն հաջողել է խուսափել պաշտոնանկությունից, քրեական հետապնդումից կամ ինքնադատաստանից, որի մասին մտասևեռումը վստահաբար գերակա է եղել նրա մտքում այդ գիշեր, այլապես ինչո՞ւ էր թաքնվում ՊՆ-ի բունկերում և կառավարության շենքը թողնում անպաշտպան։
Մինչդեռ եթե նոյեմբերի 9-ի լույս 10-ի՝ այդպես էլ չավարտվող չարագուշակ գիշերը Փաշինյանը սթափ միտք և առողջ դատողություն դրսևորեր, կպնդեր առնվազն գերիների վերադարձի ժամանակացույցի սահմանման հարցում՝ ռուսական կողմի միջնորդությամբ մարդասիրական այդ կարևորագույն հարցի իրականացումը պարտադրելով Ադրբեջանին։ Պարզապես ո՛չ այն ժամանակ, ո՛չ նախընտրական փուլում, ո՛չ էլ առավել ևս հիմա այդ հարցը Փաշինյանին բացարձակ չի հետաքրքրում։
Հետպատերազմյան առաջին ամիսներին թմբկահարվող «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակումը հայկական կողմից իրականացվեց հնարավորինս արագ՝ Ադրբեջանին արտահանձնելով անգամ մարդասպաններ Գուլիևին և Ասկերովին, այն դեպքում, երբ այդ ընթացքում մեր գերիները ոչ միայն տուն չէին դառնում, այլև նորանոր հայորդիներ էին գերեվարվում և խոշտանգվում։ Ստացվում է՝ այս գործընթացի համար պատասխանատու իշխանությունը կա՛մ չի տիրապետում իր լիազորությունների շրջանակին, կա՛մ ցանկություն չունի զբաղվելու իր սահմանադրական գործառույթներով։ Ցավալիորեն, քաղաքական անպատասխանատվության այս շքահանդեսում կարևորագույն պետական ինստիտուտները, նախևառաջ՝ բանակը, չդիմադրեցին, և հասարակությունն անհրաժեշտ մասշտաբով այդպես էլ չարթնացավ կործանարար թմբիրից։
Դժբախտաբար, Ադրբեջանում բռնի պահվող մեր հարյուրավոր հայրենակիցներն Ալիևի ձեռքին վերածվել են պարզ խաղաքարտի, որով Փաշինյանից կարելի է նորանոր զիջումներ կորզել, այդ թվում՝ տարածքային, ճնշում բանեցնել կամ սպառնալ հրապարակել իրականությունը պատերազմի ընթացքի մասին։ Հիմա արդեն ակնհայտ է, որ բոլոր գերիները չեն հայրենադարձվելու, քանի դեռ իշխանափոխություն տեղի չի ունեցել, և Ալիևի հետ անձնական պայմանավորվածություններով չկաշկանդված մեկը չի եկել իշխանության։
Կես կատակ, կես լուրջ՝ գերիներին Հայաստան վերադարձնելու միակ իրական տարբերակը, թերևս, պատեհ պահին ընդդիմության կողմից Ադրբեջանին ներկայացվելիք նախապայմանն է, որ եթե մեր տղաներն արագորեն չհայրենադարձվեն, իշխանությունը փողոցով կհեռացվի։ Քանի որ Փաշինյանն Ադրբեջանի համար մեր պետության կատարյալ առաջնորդ է և ամենաշահեկան բանակցողը, թերևս նրան իշխանության պահելու գնով Ալիևը կհամաձայնի վերադարձնել մեր ռազմագերիներին։