ՀՀ-ն կրկին հայտնվել է ԵՄ մուգ կարմիր գոտում

Վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է գրեթե 437%ով, Հայաստանն, ըստ Եվրամիության չափանիշների, մուգ կարմիր գոտում է, ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ վերջին 14 օրերի ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի մասնաբաժինը կազմել է 38.5%, մինչդեռ նախորդ 14 օրերին եղել է 10.5%:

«Երկրում հիմա տարածվում է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամը, որով վարակվածները ավելի հազվադեպ են հոսպիտալացման կարիք ունենում, քան նախորդ՝ դելտա շտամով վարակվածները, սակայն այս դեպքում ևս շնչառական խնդիրներ են ի հայտ գալիս, ուստի հետևողական բուժում է պետք»,-ընդգծեց մասնագետն այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

ԱՆ ներկայացուցիչը հորդորեց, պատվաստվել, շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ախտահանել ձեռքերը: Նրա խոսքով՝ այն դեռևս շարունակում է մնալ վարակի հաղթահարման միակ ուղին, տեղեկացնում է Newsarmenia.am: