Զախարովա․Պատմամշակութային ժառանգության պահպանությունը քննարկվում է պաշտոնական Բաքվի հետ

Պատմամշակութային ժառանգության պահպանությունը մշտապես քննարկվում է պաշտոնական Բաքվի հետ մեր շփումներում։ Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով օկուպացված տարածքներում հայկական պատմական և մշակութային ժառանգությունը ոչնչացնելու Բաքվի ծրագրերի մասին հարցին։

«Մենք հանդես ենք գալիս ՅՈՒՆԵՍԿՕ - ի առաքելության՝ տարածաշրջան այցի շուտափույթ կազմակերպման օգտին։ Աշխատում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով», - նշել Է Զախարովան՝ հիշեցնելով, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արվում շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո՝ հումանիտար հարցերի շուրջ իրական առաջընթացի հասնելու համար, ներառյալ պատմական և մշակութային օբյեկտների, տեղեկացնում է News.am։