Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ

Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ հրապարակվել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Մանթաշյանը կմնա կալանքի տակ։

«Մենք նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էինք ներկայացրել, սակայն դատարանը դա էլ մերժեց։ Առողջական վիճակն էլ վատ է, քանի որ շաքարային դիաբետ ունի, ցուցանիշը շարունակում է բարձր մնալ, շուրջ 20–ի է հասել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա տեղեկացրեց, որ Մանթաշյանը հիվանդանոցում չի գտնվում, սակայն պատրաստվում են ուղեգիր վերցնել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար։ Պաշտպանի խոսքով` իրենք մինչև վերջին պահը վստահ էին, որ նման իրավիճակ չի ստեղծվի ու ուղեգրի անհրաժեշտություն չի լինի։

Կոչուբաևը նաև ընդգծեց, որ դեռևս պետք է ծանոթանան որոշմանը, ինչից հետո հայտարարություն կտարածեն։

«Նախնական կարծիքն այն է, որ անպայման կբողոքարկենք։ Հաջորդ դատական նիստին, որը կկայանա շուրջ 10 օրից, նոր միջնորդություն կներկայացնենք` առողջական վիճակով պայմանավորված»,– նշեց փաստաբանը։