Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ ԱՄԵՆԱՊԱՍԻՎ ՓՈՒԼՈՒՄ

Իմ խորին համոզմամբ՝ հայ-ամերիկյան հարաբերություններն այսօր գտնվում են պատմականորեն ամենապասիվ փուլում, և այդ պասիվությունը պայմաավորված է ամենատարբեր հանգամանքներով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, որ հայ-ամերիկյան հարաբերություններին հստակ գնահատական տալու համար նախ անհրաժեշտ է դրանք դիտարկել համեմատության մեջ՝ ինչպիսին էին այդ հարաբերույթունները 90-ականներին, 2000-ականներին, 2010-ականներին և ինչպիսին են այժմ։

«Երկկողմ պասիվ հարաբերությունների պատճառներից առաջինն այն է, որ վերջին ժամանակահատվածում Միացյալ նահանգների քաղաքականությունը Հարավային Կովկասում բավականին պասիվ է։ Խոսքը ոչ միայն Թրամփի նախագահությա տարիներին է վերաբերում, այլև հիմա էլ ԱՄՆ-ը տարածաշրջանում ավելի պասիվ է, քան եղել է 90-ականներին կամ 2000-ականներին։

Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ բազաթիվ պատճառներ՝ Ռուսաստանի ազդեցության մեծացում, Թուրքիայի ակտիվության գործոն, ԱՄՆ-Ադրբեջանի, ԱՄՆ-Վրաստանի հարաբերություններ և այլն», - ասաց միջազգայնագետը։

Սուրեն Սարգսյանը շեշտեց՝ հայ-ամերիկյան հարաբերությունների պասիվ վիճակի վկայություններից մեկը բարձր մակարդակի շփումների բացակայությունն է, ինչը խոսում է օրակարգի ոչ հարուստ լինելու մասին։

«Գրեթե բոլոր երկկողմ հանդիպումների ժամանակ քննարկվում են ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրեր։ Այսինքն՝ հայ-ամերիկյան հարաբերությունները պտտվում են ամերիկյան օգնության շուրջ։ Սա, կարծում եմ, երկկողմ հարաբերությունների համար ճիշտ ռազմավարություն չէ, և այդ ռազմավարությունը Հայաստանի կողմից պետք է վերանայվի։ ԱՄՆ-ի հետ հարաբերություններ կառուցելիս մեր երկիրը պետք է անցնի նախաձեռնողական քաղաքականության», - ասաց միջազգայնագետը։

Aysor.am