Նորատ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑ․ ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈԽՎԵԼ Է

Ղազախստանում առաքելությունից հետո ՀԱՊԿ անդամ երկրների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

«Եթե նախկինում օգնության չէին հասնի, ապա հիմա՝ տեսնելով, որ հայերն օգնության են հասել, կմտահոգվեն Հայաստանի համար։ Նախկինում ևս ասել եմ, որ Հայաստանը պետք է ամբողջությամբ կատարի իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Նույնիսկ եթե նրա նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվել, ամեն դեպքում պետք է ջենթլմեն լինել և կատարել պարտավորությունները։ Հայաստանն օրինակ ծառայեց։ Հպարտ եմ, որ Հայաստանի զինված ուժերը մասնակցել են ՀԱՊԿ առաքելությանը»,- ընդգծեց նա։

Գեներալի գնահատմամբ՝ Ղազախստանում ագրեսիա է եղել հազարավոր իսլամիստների մասնակցությամբ, որոնց այնտեղ են բերել Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես դա եղավ Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ։ «Դա էր պատճառը, որ ՀԱՊԿ-ն օգնության հասավ»,- պարզաբանեց Տեր-Գրիգորյանցը։

News.am