ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է «աննախադեպ մշակութային ճգնաժամի» մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր զեկույցում ներկա իրավիճակը բնութագրվում է որպես «աննախադեպ մշակութային ճգնաժամ»: Կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում 10 միլիոն աշխատատեղ է փակվել ստեղծագործական արդյունաբերության ոլորտում, և հազարավոր աշխատատեղեր դեռ վտանգված են: Իրավիճակը սրվում է համաճարակին նախորդող տարիներին արվեստի վրա պետական ծախսերի կրճատման պատճառով։

«Արվեստագետների սոցիալական ապահովության համակարգն անբավարար էր շատ երկրներում, համաճարակը ցույց տվեց, թե որքան խոցելի են մշակութային և ստեղծագործական ոլորտների աշխատողները», - artguide.com-ի հաղորդմամբ, ասվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները կոչ են անում կառավարություններին ապահովել աշխատանքի ավելի խիստ պաշտպանություն ստեղծագործական ոլորտներում, ներառյալ մշակութային աշխատողների համար նվազագույն աշխատավարձի սահմանում, ինչպես նաև բարելավել հեռավար աշխատողների կենսաթոշակների և հիվանդության նպաստների համակարգը:

Մշակույթի ոլորտն ամենաարագ զարգացողներից մեկն է, այնուամենայնիվ, այն հատկապես խոցելի է. հաճախ արվեստը հաշվի չի առնվում պետական բյուջեն կազմելիս կամ անտեսվում մասնավոր ներդրողների կողմից:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, թանգարաններն ու պատկերասրահները հատկապես տուժել են համաճարակից, հաստատությունների 90 տոկոսը ստիպված են եղել փակել ամիսներով: 2020 թվականին ստեղծագործական արդյունաբերության համաշխարհային համախառն արժեքը նվազել է 750 միլիարդ դոլարով, տեղեկացնում է Panorama.am-ը։