Դատավորների, դատախազների ու քննիչների թոշակները կբարձրանան

Դատավորների, դատախազների ու քննիչների թոշակները կբարձրանան։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ կառավարությունը հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է, որ դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ կստեղծվեն։

Փաշինյանը նշեց, թե վերջերս, երբ հանդիպել է քաղաքացիների հետ, մեկն ասել է` Հայաստանում արդարություն և արդարադատություն չկա, իսկ դուք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում:

«Ես ասացի, որ այդ քայլերը ձեռնարկում ենք, որովհետև մենք խնդիր ենք դրել, որ ինստիտուտցիոնալ կայացում տեղի ունենա։ Մենք դա անում ենք, որպեսզի հնարավորինս որակյալ արդարադատություն մատուցվի ՀՀ քաղաքացիներին»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` կոռուպցիայի անկյունաքարը պաշտոնյանի ցածր աշխատավարձն է։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ նշեց, որ դատաիրավական համակարգի առողջացումը բոլոր առաջատար երկրներում բերել է տնտեսական լուրջ աճի, իսկ տնտեսական աճը կապահովի մնացած բոլոր շերտերի համար սոցիալական երաշխիքների ավելացման:

«Քաղաքացիներն իրենց կյանքում հանդիպում են մեկ-երկու վատ դատավորի, վատ դատախազի, վատ քննիչի, ու այդպիսին է ամբողջ համակարգի նկատմամբ ընկալումը։ Շատերը մոռանում են, թե ինչքան նվիրյալներ են աշխատում այս համակարգում»,–ասաց նախարարը:

Նշենք, որ որոշման համաձայն՝ դատավորների համար կսահմանի կենսաթոշակի՝ բացառապես օրենքով հաշվարկվող չափ՝ անկախ պաշտոնավարման ժամկետներից, ծննդյան տարեթվից` այն փոխկապակցելով զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարին, տեղեկացնում է Sputnik Արմենիա: