Ռաիսի․ Իրանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է կապերի ամրապնդման վրա

Իրանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է հարևանների և դաշնակիցների հետ կապերի ամրապնդման և տնտեսական դիվանագիտության զարգացման վրա։

Այդ մասին Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, փոխանցում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ աշխարհի երկրների, հատկապես հարևանների հետ հարաբերություններում Իրանի մոտեցումը հիմնված է ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական նկատառումների վրա։

«Մեր մոտեցումը աշխարհի երկրների, հատկապես մեր հարևանների հետ հարաբերություններում կրում է ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական բնույթ, և մենք հաստատուն ենք մեր հավատքի մեջ՝ հույս ունենալով, որ հարևանների հետ աշխատանքն ավելի շատ փոխադարձ և ընդհանուր շահեր կբերի աշխարհի բոլոր երկրներին», - ասել է նա։

Նա հավելել է, որ Իսլամական հեղափոխության «հստակ ուղերձները» դեմ են անկախ պետությունների ներքին գործերին համաշխարհային տերությունների հեգեմոնիային և միջամտությանը, պաշտպանում են ճնշվածներին և աջակցում անկախությունը ներքին և արտաքին քաղաքականության մեջ։

Ռաիսին նշել է, որ դիվանագիտության նոր մոտեցման ձգտման մեջ Իրանը փորձում է նոր գլուխ բացել երկկողմ կամ բազմակողմ համագործակցության ոլորտում, որպեսզի պաշտպանի տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և բավարարի փոխադարձ պահանջները։

Այդ ուղղությամբ կարևոր քայլերի շարքում նա նշել է Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի կնքումը 25 տարի ժամկետով, Ռուսաստանի հետ համանման պակտի ստորագրումը, Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցության ընդլայնումը:

Զուգահեռաբար Իրանը նաև հատուկ ուշադրություն է դարձնում աֆրիկյան, լատինամերիկյան և եվրոպական պետությունների հետ համագործակցության զարգացմանը՝ հավասարակշռված, դինամիկ և խելամիտ արտաքին քաղաքականությանը համապատասխան, հավելել Է նա, տեղեկացնում է News.am։