Արթուր ՂԱՄԲԱՐՅԱՆ․ ԴԱՏԱՎՈՐ ԲԱԽՇԻՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՄԲ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՈՒՂՂԱԿԻ ՓԼՈՒԶՎԵՑ

Ես Հայաստանում իրավագիտությունը բաժանում եմ երկու խոշոր ժամանակաշրջանի. մինչև դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը և դրանից հետո: Այս մասին Facebook-ի իր էջում տեսագրության մեջ ասել է Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը՝ նշելով, որ ձայնագրությունը «ՀՀ քրեական դատավարությունը» դասախոսությունից է, որը կոչել է «Հայ իրավագիտության անկումը Դատավոր Բախշիյանի կալանավորումից հետո»:

Նա, մասնավորեպես, նշել է. «Այդ կալանավորմամբ Հայաստանում իրավագիտության ամբողջ համակարգն ուղղակի փլուզվեց: Այն ամենը, ինչը ես ձեզ բացատրել եմ, այլևս չեմ հավատում իմ բացատրածին, որովհետև իմ տեսական դատողությունները, որ ես ներկայացրել եմ, այլևս չեն կարող մոտավոր շանս ունենալ իրականություն դառնալու: Մեր խոսացած դոկտրինալ գաղափարները իրականություն են դառնում դատական նիստերի դահլիճում, իսկ այսօր դատական նիստերի դահլիճում ակնկալել, որ դատավորը կկարողանա իրականացնել իրավունքից բխող արդարադատություն, միամտություն է: Դրա համար մեր մասնագիտության հեռանկարը շատ մշուշոտ եմ տեսնում, դա ողբերգություն է»:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 7-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարել է։

Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 3-րդ մասով (ակնհայտ ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, որն առաջացրել է ծանր հետևանք):

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ էր տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաև ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։

News.am