ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԿԱՏԱԿ Է ԱՐԵԼ
2021 թվականին Հայաստան այցելած օտարերկացի զբոսաշրջիկների թիվը կազմել է 870 308՝ 2020 թվականի 360 338-ի համեմատ ավելանալով 2,4 անգամ։ Այս մասին տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն, հաղորդում է ԱՌԿԱ-ն:
Ամենամեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստան են այցելել Ռուսաստանից (350 569 մարդ կամ ընդհանուր թվի 40,3%), Իրանից (91 148 մարդ կամ 10,5%) և Վրաստանից (70 630 մարդ կամ 8,1%):
Բացի այդ, անցած տարի Հայաստան են այցելել նաև ԱՄՆ-ի քաղաքացիներ (31 662), Ուկրաինայի (22 267), Հնդկաստանի (17 980), Ֆրանսիայի (14 310), Գերմանիայի (11 936), Նիդեռլանդների (7 573), Բելառուսի (7 244), Բելգիայի (5 744), Ղազախստանի (5 451), Ֆիլիպինների (4 461), Թուրքիայի (3 729), Մեծ Բրիտանիայի (3 756), Լեհաստանի (4 176), Իրաքի (4 004), Լիբանանի (3 373), Շվեդիայի (2 532) և Իտալիայի (2 231)։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. նախորդ տարվա համեմատ զբոսաշրջության աճ 2,4 անգամ, երբ 12 ամսից 9-ի ընթացքում տուրիստական այցեր չեն եղել ընդհանրապես. զի՛լ է: Կարելի է ասել՝ աննախադեպ աճ։ Կառավարությունը կարող է համարձակ պնդել, որ անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ երբեք նման բան չի եղել։ Հետո՞ ինչ, որ էկոնոմիկայի նախարարի խոստացած նշաձողին չեն հասել, հետո՞ ինչ, որ Քերոբյանը գրեթե երդում-պատառ էր ուտում, թե աճը կկազմի 319%։ Կատակել է մարդը։ Ինչպես որ անում է դա սովորաբար՝ լուրջ հարցեր շոշափելիս։
Իսկ հարցն առավել քան լուրջ է։ Մանավանդ եթե փոխարկենք տուրիստական հոսքի վիճակագրությունը ֆինանսական հոսքի։ Բայց նախ նշենք, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի «ռեկորդային», 2,4 անգամ աճը ոլորտի վերականգնման երևութականություն անգամ չի ստեղծում։ Մինչկովիդային, նախապատերազմյան 2019-ի համեմատ 2021թվականին զբոսաշրջիկների թիվը նվազել է 2.2 անգամ: Հիշեցնեմ, որ այն ժամանակ (նախանցած տարի) այդ ցուցանիշը հասել է գրեթե 1,6 միլիոնի։ Իսկ հիմա մեկ միլիոնով պակաս է։
Մինչդեռ մեր երկիր չայցելած զբոսաշրջիկների մեկ միլիոնը համարժեք է Հայաստանի տնտեսության մեջ չներդրված մեկ միլիարդ դոլարի։ Տարբեր գնահատականներ կան այն առնչությամբ, թե միջին հաշվով որքան գումար է ծախսում զբոսաշրջիկը Հայաստանում։ Գնահատականներն, ի դեպ, ներկայացրել են հենց իրենք՝ թավշե չինովնիկները։ Թվերը տատանվում են 880-ից մինչև 1400 դոլարի սահմաններում: Բայց միջին հաշվարկով խոսքը 1000-ական դոլարի մասին է։
Այսպիսով, այսօր կարելի է արձանագրել, որ 2020-ին ոլորտի վիթխարի անկման և 2021-ին դրա վերականգնման խղճուկ տեմպերի պատճառով երկրի տնտեսությունը զրկվել է մեկ միլիարդ դոլարից։ Դա բյուջեի գրեթե մեկ քառորդն է։ Դա ՀՆԱ-ի գրեթե մեկ տասներորդն է։
Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը ոլորտի վերելքի համար։ Շատերն արդեն մոռացել են զբոսաշրջության խթանման գործում նույն էկոնոմիկայի նախարարի «կրեատիվ» մոտեցումների մասին, և շատ իզուր։ Ինչպե՞ս կարելի է մոռանալ իրանցի զբոսաշրջիկներին Հայաստան հրապուրելու վիթխարի գաղափարը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստում առաջարկելով նրանց։ 90 հազար այցելություն 2021-ին, մինչդեռ 2019-ին առանց քերոբյանական նոու-հաուի Հայաստան է այցելել 160 հազար իրանցի։ Դե, կատակեց մարդը…
Իսկ մինչ Քերոբյանը կատակում է, մինչ Հայաստանի տնտեսությունը զրկվում է միայն զբոսաշրջության ոլորտից ստանալիք մեկ միլիարդից, երկրի պետական պարտքն աճում է ռեկորդային տեմպերով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի պետական պարտքը 2021 թվականին ավելացել է 1 մլրդ 257 մլն դոլարով։ Մի տեսակ չեն զվարճացնում նախարարի կատակները, մի տեսակ տխուր է գիտակցել, որ նույն այդ զբոսաշրջության ոլորտի հսկայական ներուժը նորմալ օգտագործելու անընդունակ կառավարության ապաշնորհության պատճառով երկիրը գլորվում է պարտքերի փոսը։