Հայաստանը 89-րդ տեղն է զբաղեցրել «Ժողովրդավարության ինդեքս 2021»-ում

The Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակված «Ժողովրդավարության ինդեքս 2021»-ում Հայաստանը հիբրիդային կառավարման համակարգ ունեցող երկրների թվում է։

Ինդեքսը երկրները բաժանում է չորս խմբի՝ բացարձակ ժողովրդավարություն, անկատար ժողովրդավարություն, հիբրիդային կառավարություն և ավտորիտար ռեժիմ։

Զեկույցը կազմելիս փորձագետները հաշվի են առնում հինգ հիմնական գործոն. ընտրական գործընթացներ՝ բազմակարծություն, իշխանության արդյունավետություն, քաղաքական ակտիվություն, քաղաքական մշակույթ, քաղաքացիական ազատություններ։

Հայաստանում ընտրական գործընթացները և բազմակարծությունը 5.5 է գնահատվել, կառավարության արդյունավետությունը՝ 5.71, քաղաքական ակտիվությունը՝ 6.11, քաղաքական մշակույթը՝ 3.13 և քաղաքացիական ազատությունները՝ 5: Այսպիսով, Հայաստանի ընդհանուր միավորը 5.49 է, որով երկիրը 89-րդն է 2021 թվականի ժողովրդավարության ինդեքսում:

Ընդ որում, այս ինդեքսով Հայաստանը լավագույն դիրքն է զբաղեցնում տարածաշրջանում։ Վրաստանը, որը նույնպես հիբրիդային կառավարման համակարգ ունեցող երկիր է համարվում, զբաղեցրել է 91-րդ տեղը՝ ընդհանուր 5.12 միավորով։ Թուրքիա՝ 4.35 միավորով, զբաղեցնում է 103-րդ տեղը։ Ադրբեջանն ու Իրանն ավտորիտար երկրների թվում են:

Բացարձակ ժողովրդավարություն ունեցող երկրների ցանկը գրեթե չի փոխվել՝ Նորվեգիա, Նոր Զելանդիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Իսլանդիա, Իռլանդիա, Ավստրալիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ և այլ երկրներ։

Ընդ որում, Ֆրանսիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Չեխիայում, Իտալիայում և ժողովրդավարական ամուր հիմքեր ունեցող տասնյակ այլ երկրներում, ըստ Economist 2021-ի, «անկատար ժողովրդավարություն» է, տեղեկացնում է News.am։