Վարդազարյանը բացահայտեց՝ Գագիկ Ջհանգիրյանն է իրեն ասել, որ հրաժարական տա

Բարձագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր հայտարարեց, թե իրեն հրաժարական տալ հորդորել է ներկայիս ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

«Երբ դեռ պարոն Ջհանգիրյանի թեկնածությունը քննարկվում էր ու դեռ չէր ընտրվել, ես իմ հրապարակային դիրքորոշումը հայտնել եմ ու ասել եմ, որ անձը, որի 65 տարեկանը լրացել է, իրավունք չունի ընտրվել ԲԴԽ անդամ, այնուամենայնիվ, Ազգային ժողովն ընտրեց Ջհանգիրյանին։ Պարոն Ջհանգիրյանն ինք է անձամբ ասել, որ ցանկալի է հրաժարական տամ ու ինքն աշխատի ԲԴԽ նախագահ», - Ազգային ժողովում հայտարարեց Վարդազարյանը։

Այսօր Վարդազարյանը նաև հայտարարել էր, թե ինքը իշխանության թշնամին չէ, չի արել այնպիսի մի բան, որով կարելի է իրեն գամել անարգանքի սյունին, ընդամենն ասել է՝ թույլ չի տալու իր միջոցով քաղաքական որոշումներ ստանալ ու դա է եղել պատճառը, որի համար ինքն այսօր ամբաստանյալ է «հորինված քրեական գործով», տեղեկացնում է Aysor.am։