«Պֆայզեր» պատվաստանյութն արդեն Հայաստանում է

«Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակ է ներկրվել Հայաստան: Տեղեկությունը հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութն արդեն Հայաստանում է։

Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:

Նշենք, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։