Դատախազություն․ Արայիկ Հարությունյանը Հադրութի իր այգիները պատերազմից առաջ չի վաճառել

Արցախի դատախազությունը հերքում է լուրերը, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախքան 44-օրյա պատերազմը վաճառել է իր ունեցած հողամասերը։ Դատախազությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով լուրերին, թե Հարությունյանն օտարել էր Հադրութի շրջանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ համայնքներում ունեցած վարելահողերը և այգիները:

Արցախի դատախազությունը նման բովանդակությամբ հաղորդում էր ստացել, որի հիման վրա էլ քրգործ է հարուցվել։

«Հարուցված քրգործի նախաքննության ընթացքում պահանջվել ու տեղեկություններ են ստացվել ԱՀ կադաստրի և պետգույքի կառավարման կոմիտեից, ԱՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրից: Ստացված տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ և ավելի վաղ ԱՀ նախագահին և նրա ընտանիքի անդամներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող գույքի, այդ թվում բաժնետոմսերի օտարում, այլ անձի տեղի չէր ունեցել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ գույքի միջնորդավորված օտարման հնարավոր դեպքերը վերհանելու համար հանձնարարություններ էին տրվել հետաքննության մարմիններին։ Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույնպես նման դեպքեր չեն հայտնաբերվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա: