Եղեգնուտի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։

«Ժողովուրդը պահանջում է, որ ժողովրդի առաջադրած թեկնածուն` Գասպար Հակոբյանը, լինի վարչական տարածքի ղեկավար։ Համայնքը ցանկանում է իրեն։ Եթե ժողովրդավարություն իրոք կա, ուրեմն ժողովուրդը պայքարել է ու մոտ 70 տոկոսն առաջադրել է Հակոբյանին», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Բնակիչներից մեկն էլ նշեց, թե պայքարել են ու ազատվել համայնքի 34 տարվա ղեկավարից, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» նորից բերել է այդ թեկնածուին։

«Չեմ կարող ասել, թե ինչու։ Դրանից հետո գյուղում մի հատ «ապտեկա» կար, բերեցին էդ համայնքապետարանը սարքեցին գրասենյակ, սկսեցին աշխատել։ Համայնքապետարանի դուռը մինչև էսօր փակված է։ Հիմա էլ խոշորացումից հետո միացել ենք Մեծամոր համայնքին և պետք է լիազոր ներկայացուցիչ նշանակեն։ Ժողովուրդը ներկայացրել է իր թեկնածուին, բայց հույս չունենք, որ պետք է նշանակեն», - ասաց բնակիչը՝ նշելով, թե իրենց հույսը մնացել է բողոքի ակցիան։

«Ցանկանում ենք, որ մեր գյուղի լիազոր ներկայացուցիչը լինի ՔՊ-ի ներկայացուցիչը, բայց իշխանությունն ասում է չէ՝ պետք է լինի Հանրապետական։ Երկու թեկնածու կա, երկուսն էլ Հանրապետական է։ 2018-ին մենք ենք հեղափոխություն արել, բայց անունով էր հեղափոխություն, ոչ մի հեղափոխություն էլ չի եղել։ Եկել ենք վերջին անգամ մեր հեղափոխական ընկերներին՝ իշխանությանը, խնդրելու, որ գոնե մեկ անգամ հաշվի առնեն ժողովրդի խնդրանքը։ Եթե չկատարեն՝ հետագա քայլերը գիտենք, թե ինչ կանենք», - ասաց ակցիայի մասնակիցներից Աշոտ Խուրշուդյանը, տեղեկացնում է Aysor.am։